Մատչելիության հղումներ

Ապրիլի 23-ի մամուլ


Անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի երեկվա ելույթին՝ «Հրապարակ»-ի խմբագրականը արձանագրում է. - «Ինչո՞վ է մեղավոր Հայաստանի Հանրապետությունը, որի անունից, եւ, իբր, որի անունից հանդես է գալիս պարոն Մարգարյանը, մի քանի արժեքներ ու հասկացություններ խճողելով ու պահանջատերի կեցվածք ընդունելով։ Արդյո՞ք Հայաստանի անկախության արժեքն իմացող եւ այդ արժեքի վրա դողացող անձը կարող էր բարձրացնել Ջավախքի, Արեւմտյան Հայաստանի հարցը։ Առանց այն էլ մեր երերացող անկախության համար բավական ծանր բեռ է ղարաբաղյան խնդիրն ու ցեղասպանության ճանաչման պահանջը»։

Lragir.am-ը գրում է. - «Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե «իրենք հավաստիացրել են Ադրբեջանի կառավարությանը, որ ակտիվացնելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը»։ Ինչո՞ւ նա չի ասում, որ նույնը հավաստիացրել են նաեւ Հայաստանի իշխանությանը, առավել եւս, որ Հայաստանի իշխանության գլուխ կանգնած Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը իր երազանքն է, եւ հենց դա տեղի ունեցավ, ինքը կհեռանա քաղաքականությունից։ Գուցե ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից հեռանա, գուցե ԱՄՆ-ը համարում է, որ Սերժ Սարգսյանի գործը միայն Ղարաբաղի հարցը կարգավորելը չէ, եւ զբաղեցնելով Հայաստանի նախագահի պաշտոնը, նա դեռ շատ բաներ է պարտավոր անել, եւ միայն Ղարաբաղի հարց լուծելն ու հեռանալը չի ստացվի։ Բայց այդ դեպքում ԱՄՆ-ը չի կարող Ադրբեջանի համար հարցը կարգավորել, իսկ Հայաստանի համար թողնել չկարգավորված։ Միանգամայն հնարավոր է, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար կկարգավորվի, իսկ Հայաստանի համար մնա չլուծված։ Հետեւաբար միանգամայն հնարավոր է, որ արձանագրվի մի իրողություն, երբ Ադրբեջանի գործերն ավելի կարգավորված կլինեն, քան Հայաստանինը, բայց հարցը որպես այդպիսին կարգավորված չի լինի։ Մադրիդյան առաջարկներ կոչվածը հենց դա էլ թերեւս ենթադրում է, երբ խոսվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու մասին»։

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ։ Նա ասում է. - «Համանախագահները չեն խոսում ներքին տեղաշարժված հայ բնակչության մասին, Ադրբեջանի բռնազավթած հայկական տարածքների մասին։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի հստակ պահանջների, հայկական կողմը իր պահանջները չի որոշակիացնում եւ հաճախ միայն վախվորած պնդումներ է անում նվազագույն հավակնությունների մասին։ Մինչդեռ, կա լուծում, որը կբավարարի երկու կողմերին էլ. պետք է նախաձեռնել ինտենսիվ վերաբնակեցման ծրագիր, որը հնարավոր կլինի իրագործել միայն այն դեպքում, երբ հայտարարվի, որ ազատագրված տարածքները որեւէ պարագայում վերադարձվել չեն կարող։ Իսկ հայ փախստականների թվաքանակը անհամատեղելի է այն ադրբեջանցիների թվի հետ, ովքեր հարկադրված են հեռացել Հայաստանից»։

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադառնում է Դաշնակցության երեկվա հայտարարությանը. - «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ուղղակիորեն հայտարարում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը զիջել է իր սկզբունքային դիրքերը… իսկ Արմեն Ռուստամյանն էլ, իր հերթին, ավելացնում է, թե Թուրքային այսօր պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բուն գործընթացը, ոչ թե դրա տրամաբանական ավարտը։ Այս ամենը, իհարկե, ճիշտ է, բայց այստեղ մի քանի հարցեր են առաջանում։ Նախ, եթե Հայաստանը այսօր պարտված է, ապա ո՞ւմ մեղքով է տեղի ունեցել այդ պարտությունը։ Ինչո՞ւ ուղղակիորեն չի հայտարարվում, որ այդ խայտառակ պարտությունը տեղի է ունեցել ՀՅԴ կոալիցիոն գործընկեր Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» արդունքում։ Չլինի՞ այն քաղաքականությունը ինքնաբուխ է իրականացվել, Երկրորդ՝ ինչո՞ւ ուղղակիորեն չի ասվում, թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանի զիջել իր սկզբունքային դիրքերը։ Վերջին հաշվով՝ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը մի առավոտ արթնացավ… ու որոշեց անմիջապես զիջել իր սկզբունքային դիրքերը։ Երրորդ՝ եթե այն իշխանությունը, որին մաս է կազմում նաեւ ՀՅԴ-ն, Հայաստանի համար կարեւորագույն հարցերում անընդունելի զիջումներ է անում, եւ դրանից հետո ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չի գալիս, չի՞ նշանակում արդյոք, որ ՀՅԴ-ն էլ է զիջել իր սկզբունքային դիրքերը կամ, այլ կերպ ասած՝ «Հայաստանի պարտության» մեջ մեղքի իր բաժինը ունի»։

«Ժամանակ»-ը անդրադառնում է Հայաստանի ոստիկանապետի երեկվա ասուլիսին. - «Ոստիկանապետ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ քաղաքացիները մոռանան Հյուսիսային պողոտայի մասին, քանի որ դա իրենց իշխանության սարքածը չէ, դա սարգսյանենց իշխանության սարքածն է, իսկ քաղաքացիները թող գնան իրենց իշխանության սարքած տեղում զբոսնեն։ Ու ընդհանրապես, ոստիկանությունը ճիշտ կանի, որ պահակակետեր սահմանի բոլոր շենքերի, շինությունների, փողոցների, այգիների եւ հաստատությունների առաջ, որոնք որ կառուցել է ավազակապետական իշխանությունը։ Այդ պահակակետերում քաղաքացիներից կպահանջեն հավատարմության երդում տալ իշխանություններին, նոր մտնել տվյալ շենքի, փողոցի կամ այգու տարածք… Սարգսյանների համար անհնար է պատկերացնել, մտածել անգամ, որ քաղաքացին է երկրի տերը եւ Հյուսիսային պողոտայում, եւ ամենուր, նույնիսկ ոստիկանության այն շենքում, ուր բազմում է Ալիկ Սարգսյանը, որն ի դեպ նրա իշխանությունները չեն կառուցել, հետեւաբար ժամանակն է, որ նա հավաքի իրերն այդ շենքից եւ գա Հյուսիսային պողոտայում նստի, առավել եւս` որ ամբողջ ոստիկանությունն այնտեղ է եւ հեշտ կլինի կառավարելը»։

«Գոլոս Արմենիի»-ին գրոմ է. - «Հիվանդ հասարակությունն այն է, որտեղ խզված են հանրային կապերը: Այս պրոցեսի անշրջելիությունը հղի է աղետալի հետեւանքներով՝ չգիտակցել սա, նշանակում է չգիտակցել հասարակություն երեւույթի էությունը: Թվում է, թե պետությունը ամբողջապես շահագրգռված չէ առողջ հասարակության առկայության մեջ: Հանրային խորհրդի ստեղծման նման ձեւական ժեստերը հաշիվ չեն: Ընդհանրապես, ինչքան շատ են այնպիսի կառույցները, որոնց անվան մեջ կա «հանրային» անվանումը, այնքան լայն է ջրբաժանը հանրության շերտերի, շերտիկների ու ֆրագմենտների միջեւ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG