Մատչելիության հղումներ

«Կարգավորման գործընթացը թեւակոխում է նոր փուլ»


Մինսկի խմբի համանախագահները նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ, 21-ը ապրիլի

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան չորեքշաբթի օըը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, թե Ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը թեւակոխում է նոր փուլ:

«Անկեղծ կարող եմ ասել, որ ավելի քան երբեւէ զգում եմ կառուցողական ոգին, եւ հոսում եմ, որ փաստացի մուտք ենք գործում բանակցությունների նոր փուլ», - ասաց Մեթյու Բրայզան։ - «Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ծանոթանում են միմյանց եւ դիրքորոշումներին, եւ այժմ ես զգում եմ, որ մենք մտնում ենք նոր` հիմնարար սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված տարրերի ավելի խորը եւ հանգամանալի քննարկման փուլ։ Արդյունքում պետք է ունենանք կարգավորման վերաբերյալ փոխադարձ համաձայնություն` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք առանցքային սկզբունքների վրա` տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման»:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի խոսքով, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Պրահայում մայիսի 7-ին ծրագրվող հանդիպման վերաբերյալ առայժմ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել. - «Դեռ ոչ, սակայն մենք շատ մոտ ենք դրան, եւ եթե եռանախագահներին հաջողվի պահպանել այս օրերին Երեւանում ձեռք բերված առաջընթացը եւ խորացնել այն Բաքվում եւ Արցախում` Լեռնային Ղարաբաղում, առաջիկա օրերին, ապա, կարծում եմ, այո, մայիսի 7-ի հանդիպումը կկայանա»։

Երեւանից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները վաղն առավոտյան մեկնելու են Բաքու, ապա շաբաթ օրը կլինեն Ստեփանակերտում եւ կվերադառնան Երեւան, որտեղ երկուշաբթի օրը հանդես կգան այցի ամփոփիչ ասուլիսով։

Համանախագահների այսօրվա հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեւեց ավելի քան 2,5 ժամ, որից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները դուրս եկան արտգործնախարարության շենքից, իսկ Մեթյու Բրայզան մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույց ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հետ։

Նրա խոսքով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած բանակցությունները չափազանց կառուցողական էին, իսկ երեկ նույնքան կառուցողական էր եռանախագահների զրույցը նախագահ Սարգսյանի հետ։

Հարցին, արդյոք Թուրքիայից Երեւան ժամանած ամերիկացի համանախագահը որեւէ ուղերձ է բերել Հայաստանի իշխանություններին, Մեթյու Բրայզան արձագանքեց. - «Իհարկե, շատ արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Թուրքիայում, եւ ինձ համար պարզ դարձավ, թե որքան լուրջ է մոտենում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը։ Թուրքիայում, ինչպես եւ Հայաստանում, բավական հստակ տեսակետներ են ձեւավորվել գործընթացի հետագա խորացման եւ այլ հարցերի ներգրավման վերաբերյալ: Ամերիկյան տեսանկյունից, հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են ուրույն ձեւով: Ես աշխատում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա, իմ պարտականությունների մեջ են մտնում նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունները, սակայն դրանք լիովին տարբեր հարցեր են։ Կարծում եմ, վարչապետ Էրդողանի` օրերս արված հայտարարությունները դա հաստատում են, սակայն Թուրքիայում քիչ չեն նաեւ մարդիկ, ում տեսակետը այս հարցում այլ է»։

«Իմ կարծիքով, Թուրքիայի բարձրագույն ղեկավարները հետեւողական են Հայաստանի հետ հարաբերություններում ամբողջությամբ նոր եւ դրական էջ բացելու հարցում», - հավելեց Մեթյու Բրայզան։

Անդրադառնալով Հայաստանի քաղաքական եւ քաղաքագիտական որոշ շրջանակների պնդումներին, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները որոշակի ճնշում են գործադրում Ղարաբաղի հարցում` հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հասնելու համար, Մենթյու Բրայզան շեշտեց. - «Իմ աշխատանքը կայանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ապահովելու մեջ, եւ դրա վրա են կենտրոնացած իմ ջանքերը, եւ մենք առաջընթաց ենք արձանագրում»:

Հարցին, թե, իր կարծիքով, որն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտը՝ Ղարաբաղյան հակամարտությո՞ւնը, թե՞ Ցեղասպանության հարցը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը պատասխանեց. - «Սրանք առանձին հարցեր են: Եվ դրանց ուղղությամբ համաձայնության հասնելու համար մեծ խիզախություն եւ հմտություն է անհրաժեշտ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի քաղաքական համակարգերից: Նրանք, պետք է ասել, ջանադրաբար աշխատում են այդ ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG