Մատչելիության հղումներ

Դատական նիստերը հետաձգվեցին


Armenia -- Arzumanian, Sirunian, trial, undated
Armenia -- Arzumanian, Sirunian, trial, undated

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ մեղադրվող 7 ընդդիմադիր գործիչներից 5-ի մասով քրեական գործերն այսօր պետք է լսվեին նույն ժամին եւ նույն՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական բոլոր նիստերը տարբեր պատճառներով հետաձգվեցին:

Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատական նիստը հետաձգվեց, որովհետեւ դատարան չէին ներկայացել վկաներ Գառնիկ Դանիելյանը եւ Հմայակ Գալստյանը:

Ալեքսանդր Արզումանյանը մեղադրող կողմին առաջարկեց հրաժարվել այս վկաների ցուցմունքներից` «ինչպես վարվեց մեղադրող կողմը երկու այլ վկաների հետ, մանավանդ որ, ոչ մի էական բան մեջը չկա»:

Ի վերջո դատարանը վկաներին բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց եւ հետաձգեց դատական նիստը:

Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի մասով քրեական գործերի քննությունը նույն դատարանի շենքում, նույն ժամին, բայց տարբեր դատավորների նախագահությամբ եւ տարբեր դահլիճներում պետք է սկսվեր, սակայն երկուսն էլ հետաձգվեցին՝ փաստաբանների բացակայության պատճառով:

Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը հիվանդության պատճառով չէր ներկայացել, ինչի վերաբերյալ գրություն էր ուղարկել դատավոր Գագիկ Ավետիսյանին:

Մյասնիկ Մալխասյանը հրաժարվել էր իր շահերի պաշտպանների` Մելանյա Առուստամյանի եւ Հովիկ Արսենյանի ծառայություններից եւ այսօր դատարանից ժամանակ խնդրեց նոր պաշտպան ներգրավելու համար:

Հետաձգվել է նաեւ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG