Մատչելիության հղումներ

Թուրքիան հետ է կանչում Կանադայում իր դեսպանին


Թուրքիան ժամանակավորապես հետ է կանչել Կանադայում իր դեսպանին` որպես բողոքի նշան Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը կանադական կառավարության անդամների մասնակցության դեմ:

Կանադական Globeandmail պարբերականի փոխանցմամբ` դեսպան Ռաֆեթ Ակգյունայը հետ է կանչվել խորհրդակցությունների համար:

Globeandmail-ի Օտավայի բյուրոյի ղեկավարը հաղորդում է, որ Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման 5-ամյակին նվիրված ապրիլի 21-ի միջոցառմանը կառավարության անդամներից բացի մասնակցել են նաեւ ընդդիմադիր պատգամավորներ եւ լիբերալների ղեկավար Միշել Իգնատիեւը:

Դեսպանի հետկանչի պատճառ է դարձել նաեւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի ուղերձը, որում 1915 թվականի իրադարձությունները որակված են «կյանքի ողբերգական կորուստներ Օսմանյան կայսրության փլուզման շրջանում», եւ նշված է, որ հայ ժողովուրդը «ահավոր տառապանքներ» է կրել:

Թուրքիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել Կանադայի վարչապետի ելույթի կապացությամբ:

Թուրքական աղբյուրները հաստատում են խորհրդակցությունների նպատակով դեսպանին հետ կանչելու մասին տեղեկությունը, սակայն չեն մեկնաբանում խնդիրը:

Թուրքիայի վարչապետի մամուլի խոսնակ Կորի Թենեյչքեն կանադական պարբերականին ասել է, թե Թուրքիայի դիրքորոշումը նույնն է:

«Նորություն չէ, որ Թուրքիայի կառավարության դիրքորոշումը տարբերվում է հայերի ցեղասպանության վերաբերյալ տեսակետից: Կանադայի կառավարության դիրքորոշումը երկար ժամանակ հայտնի է ու բոլոր կուսակցությունների կողմից հաստատվել է խորհրդարանում: Մենք հաստատակամ ենք մեր դիրքորոշման մեջ, եւ որեւէ մեկին վիրավորելու մտադրություն չկա», - ասել է Թուրքիայի վարչապետի խոսնակը:

Կանադահայ համայնքի ներկայացուցիչն ասել է, թե իրենք մտահոգված չեն Թուրքիայի դեսպանին հետ կանչելու փաստով: Կանադայի հայերի կոնգրեսի նախագահ Թարո Ալեփյանի կարծիքով` «դա դատարկ սպառնալիք է»: «Կանադան չի կարող վախենալ: Կանադան պետք է ճիշտ քայլն անի», - հայտարարել է Ալեփյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG