Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Թրայբեքա» կինոփառատոնը


Այսօր Նյու Յորքում մեկնարկում է այլընտրանքային կինոյի ամենահեղինակավոր փառատոններից մեկը` «Թրայբեքա»-ն։ Ռոբերտ դե Նիրոյի հիմնադրած այս փառատոնը Հայաստանում լայն ճանաչում ստացավ 2007-ին, երբ մրցանակի արժանացավ երեւանցի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմությունները պատերազմի եւ խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը:

Այս տարի Հարավային Կովկասից որեւէ ֆիլմ «Թրայբեքա»-ում ներկայացված չէ։ Հարեւան պետությունները` Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը մեկական ֆիլմ են ներկայացրել։

«Հրատապ լուրեր» ֆիլմը համատեղ ռուս-շվեդական արտադրության է։ Քննադատների գնահատմամբ, առաջին հայացքից մարտաֆիլմ հիշեցնող այս կինոկանարը իրականում փորձ է՝ բացահայտել այն նուրբ սահմանը, որը բաժանում է իրական կյանքն ու հեռուստատեսային պատկերը, ամենօրյա կյանքն ու հմուտ PR-ը:

Թուրքիան «Թրայբեքա»-ում ներկայացնում է երկրի ամենահայտնի ռեժիսորներից մեկը` Յեշիմ Ուստաօղլուն` «Պանդորայի արկղը» ֆիլմով։ Կինոնկարի գլխավոր հերոսուհին 90-ամյա Նուսրեթն է, որի դերը խաղում է ֆրասնուհի Ցիլա Չելտոնը։ Ֆիլմի հերոսուհուն հարազատները համոզում են գյուղից, որտեղ նա անցկացրել է իր ողջ կյանքը, տեղափոխվել Ստամբուլ:

«Ֆիլմի ամեն մի րոպեն գալիս է ապացուցելու, որ նյարդային կյանքով ապրող մեծ քաղաքը այն տեղը չէ, ուր կցանկանար իր վերջին օրերն անցկացնել ծեր կինը», - գրում է քննադատ Սառա Նաջումին։

Իրանցի ռեժիսոր Ասքար Ֆարհադին «Թրայբեքա»-ում ներկայացնում է «Էլիի մասին» ֆիլմը, որը փետրվարին Բեռլինի փառատոնում «Արծաթե արջ» մրցանակի էր արժանացել։ Երիտասարդ իրանցիների կյանքի մասին պատմող այս ֆիլմը տարեսկզբին նույնիսկ քաղաքական սկանդալի պատճառ դարձավ։ Թեհրանում անցկավող ամենամյա «Ֆաջր» փառատոնի ընթացքում Ասքար Ֆարհադիի այս ֆիլմը ցուցադրվեց միայն նախագահ Ահմադինեջադի միջամտությունից հետո։ Իրանի մշակույթի նախարարությունը կտրականապես հրաժարվում էր կինոնկարն ընդգրկել փառատոնի ծրագրում` պատճառաբանելով, թե այն վարկաբեկում է իսլամական արժեքները։

«Թրայբեքա»-ի հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 3-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG