Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը վերսկսեց բողոքի ցույցերը


Թբիլիսի. ընդդիմադիրները վանդակ են տեղադրում նախագահականի դիմաց, 17 ապրիլի, 2009
Թբիլիսի. ընդդիմադիրները վանդակ են տեղադրում նախագահականի դիմաց, 17 ապրիլի, 2009

Սուրբ Հարության տոնի առթիվ հայտարարած կարճատեւ դադարից հետո վրացական ընդդիմությունը այսօր վերադարձավ Ռուսթավելի պողոտա: Տեղական աղբյուրների վկայությամբ, Թբիլիսի կենտրոնական պողոտայում` խորհրդարանի հարեւանությամբ, հավաքվել էր մոտ 5 հազար ցուցարար:

Այսօրվա հանրահավաքը մեկնարկել է Զատկի տոնի առթիվ շնորհավորանքով: Նախագահության նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն շնորհավորանքներից անցել է ընդդիմության հետագա անելիքներին` տեղեկացնելով, որ նախկինում քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված վանդակների քանակն աճելու է: Ընդդիմադիրների խոսքով` այս վանդակները խորհրդանշում են Սահակաշվիլիի իշխանության բռնատիրական էությունը:

«Մեր նպատակը Թբիլիսին վանդակների քաղաքի վերածելն է: Մենք վանդակներով ենք շրջապատելու խորհրդարանի շենքը, վաղը նույնը կարվի նախագահի աշխատակազմի եւ վարչապետի նստավայրի մերձակայքում, վանդակներով կշրջապատենք նաեւ քաղաքապետարանի շենքը: Վանդակների այս քաղաքը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Սահակաշվիլին հրաժարական չի ներկայացրել», - հայտարարել է Գաչեչիլաձեն:

Ընդդիմության առաջնորդները նաեւ նշում են, որ մի հաղթաթուղթ էլ ունեն, որը օգտագործելու են Սահակաշվիլիի դեմ պայքարում. նրանք պատրաստվում են Վրաստանի տարբեր շրջաններից իրենց աջակիցներին բերել Թբիլիսիի կենտրոն:

«Ազատություն» կուսակցության ղեկավար Կոնստանտինե Գամսախուրդիան հայտարարել է. - «Ապրիլի 21-ից բողոքի գործողությունները վերսկսվելու են նոր թափով: Մեզ կմիանան ընդդիմության աջակիցները արեւելյան Վրաստանից: Երեքշաբթի առավոտյան նրանք արդեն կլինեն Թբիլիսիի կենտրոնում եւ կմասնակցեն երկրի ժողովրդավարացման այն գործընթացին, որը նախաձեռնել են ընդդիմադիր ուժերը»:

«Վրաստանի ուղի» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին էլ խորհրդանշական է համարել, որ ընդդիմության գործողություններին մասնակցում են նաեւ շրջանների բնակիչները: «Մենք ցանկանում ենք, որ բողոքի ակցիաները ծավալվեն նաեւ մայրաքաղաքից դուրս», - ասել է Զուրաբիշվիլին` վստահեցնելով, որ «բողոքի ակցիաների ծավալումը կմոտեցնի Սահակաշվիլիի հրաժարականի պահը»:

Ընդդիմության` կտրուկ գործողությունների դիմելու այս խոստումը, սակայն, արժանանում է իշխանությունների նույնքան կտրուկ արձագանքին: Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն, մասնավորապես, այսօր անդրադառնալով ընդդիմության վերջին գործողություններին, հայտարարել է. - «Ընդդիմության արմատական թեւը հերթական անգամ մերժեց երկխոսության առաջարկը եւ որոշեց իշխանությունների հետ խոսել վերջնագրերի լեզվով: Ես դա չեմ կարող դրական զարգացում անվանել: Դրա հետ մեկտեղ, ես մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք երկխոսության մեջ մտնել ընդդիմության այն հատվածի հետ, որը պատրաստ է բանակցությունների»:

Բաքրաձեի ակնարկն ուղղված էր վրացական ընդդիմության չափավոր թեւին, նախ եւ առաջ `«Հանուն Վրաստանի» դաշինքին: Այս կազմակերպությունը ղեկավարում է ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան, որը կոչ է անում նախագահ Սահակաշվիլիին առանց որեւէ նախապայմանի բանակցությունների սեղանի շուրջ նստել ընդդիմադիրների հետ:

Ալասանիայի մեկ այլ առաջարկ, սակայն, իշխանությունները կտրականապես մերժել են. նախկին դիվանագետը մի քանի օր առաջ առաջարկել էր վստահության հանրաքվե կազմակերպել եւ պարզել` ցանկանո՞ւմ են արդյոք Վրաստանի բնակիչները արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Ալասանիայի խոսքով` «իշխանությունների այս մերժումը է՛լ ավելի մեծացրեց այն անջրպետը, որ կա իշխանությունների եւ հասարակության միջեւ»:

Չնայած այս հանգամանքին, Ալասանիան շարունակում է երկխոսության կոչ անել` միաժամանակ ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տալով. - «Մենք այս կամ այն մարդու դեմ չենք պայքարում: Մեր նպատակը այս ճգնաժամի պատճառը հանդիսացող կառավարման համակարգը փոխելն է: Եթե ընդդիմադիրների հանդիպումը նախագահի հետ տեղի ունենա, մենք հնարավորություն կստանանք լսել, թե ինչպես է ինքը Միխեիլ Սահակաշվիլին պատկերացնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG