Մատչելիության հղումներ

Վաղը կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» փառատոնը


Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնը, որը կտեւի մինչեւ մայիսի 28-ը:

Ճիշտ 5 տարի առաջ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը հիմնադրեցին «Ազգային պատկերասրահ» խորագիրը կրող միջազգային երաժշտական փառատոնը, որը, ինչպես այսօր հրավիրած ասուլիսում ասաց Մարիամ Շահինյանը, անցած տարիների ընթացքում իր կայուն տեղն է հաստատել մեր երաժշտական կյանքում:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են դասական երաժշտության ավելի քան 60 համերգ, որոնց մասնակցել են թե հայ, թե արտասահմանյան լավագույն երաժիշտներ:

Հիմնադրման օրից փառատոնի գեղարվեստական խորհրդի պատվավոր նախագահը Էդվարդ Միրզոյանն էը իսկ խորհրդի անդամներն են մեր լավագույն երաժիշտները` Տիգրան Մանսուրյանը , Սվետլանա Նավասարդյանը եւ այլք:

Ի թիվս այլ համերգների, փառատոնի շրջանակներում այս տարի մայիսի 15-ին տեղի է ունենալու Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որի ընթացքում, ինչպես ասում էր այսօր մաեստրոն, կհնչեն նաեւ իր նոր ստեղծագործությունները. - «Այստեղ կլինեն գործեր, որ քանի տարի է գրված են, բայց Երեւանում չեն հնչել»:

Փառատոնի ընթացքում հանդես կգան օպերային թատրոնի երիտասարդ մեներգիչներն ու մեներգչուհիները, Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորների հոգեւոր երաժշտական ստեղծագործություններ, կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Առաջին անգամ հանդես կգա նորաստեղծ «Երեւան» տրիոն, եւ հենց այդ համերգով կնշվի Մենդելսոնի ծննդյան 200-ամյակը: Այդ կապակցությամբ Երեւան կժամանի եւ «Երեւան» տրիոյի հետ հանդես կգա ռուս անվանի ալտահար Մաքսիմ Նովիկովը:

Համերգաշրջանին այս անգամ եւս կմասնակցեն երաժիշտ կատարողներ տարբեր երկրներից, փառատոնը կեզրափակի Մենակատարների պետական անսամբլի համերգը, որի ընթացքում հանդես կգան Միացյալ Նահանգներից դիրիժոր, կոմպոզիտոր Լիզա Բիլավան եւ 2 ջութակահար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG