Մատչելիության հղումներ

Ցեղասպանության 94-ամյակի միջոցառում Փարիզում` հայերի եւ թուրքերի մասնակցությամբ


Լուսանկարը՝ Armenews-ի
Լուսանկարը՝ Armenews-ի

Ապրիլի 19-ի առավոտյան Փարիզի «Երեւան» պուրակում` Կոմիտասի արձանի մոտ, մոտ չորս տասնյակ հոգուց բաղկացած մի խումբ` տեղի հայկական եւ թուրքական համայնքների անդամներ, խորհրդանշական արարողությամբ նշեց Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը:

Արարողության մասնակիցները սպիտակ եւ կարմիր վարդեր դրեցին Կոմիտասի արձանի տակ, ապա իրար ձեռք բռնած` մեկ րոպե լռություն պահպանեցին:

«Biz Myassine» («Մենք Միասին») միությունը ստեղծվել է 2007 թվականին` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո: Նրա հիմնադիրներն են` թուրքական կողմից` ինժեներ Միշել Աթալին, հայկական կողմից` գրող Դնի Դոնիկյանը: Արդեն երրորդ տարին է, որ միությունը ապրիլյան օրերին միասնաբար հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախ կարդացվեց կոչը, որով միությունը դիմում է հայ եւ թուրք անհատներին` միանալու իրենց շարժմանը: «Կարեւոր է, որ ծագումով հայ ֆրանսիացիները միանան ծագումով թուրք ֆրանսիացիներին՝ նրանց, ովքեր բաց աչքերով են նայում իրենց պատմությանը եւ հասկանում են մարդկային փոխադարձ հարգանքի հարաբերությունների եւ պատմական ճշմարտության հիման վրա ապագան կառուցելու անհրաժեշտությունը: Հայերը չեն կարող մերժել բարի կամքի թուրքերի հաշտության կամքը եւ ոչ էլ թուրքերը` աչք փակել հայերի ողբերգության հանդեպ», - ասված է այդ կոչում:

Կարդացվեց նաեւ Թուրքիայի մտավորականների` հայ ժողովրդին ուղղված եւ 30 հազար թուրքերի կողմից ստորագրված ներողության նամակը, ինչպես նաեւ ֆրանսահայ մտավորականների պատասխան շնորհակալական նամակը:

Նշվեց, որ Կանադայի մի խումբ թուրքեր եւ հայեր ցանկություն են հայտնել իրենց ձայնը միացնել «Biz Myassine» միությանը:

«Մենք ողջունում ենք «Biz Myassine»-ի քաջ նախաձեռնությունը, որը նպատակ ունի ոգեկոչել Անատոլիայի հայերի զանգվածային բնաջնջումը` համախմբման եւ փոխադարձ հարգանքի միտումով: Լսելով մեր գիտակցության ձայնը, իբրեւ անհատներ` հանձնառու երկխոսության, մենք հոգով ձեզ հետ ենք` «Երեւան» պուրակում», - գրված էր նրանց նամակում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին «Biz Myassine» միության թուրք եւ հայ ղեկավարներ Միշել Աթալին եւ Դնի Դոնիկյանը, միության նպատակն է երկխոսություն հաստատել Ֆրանսիայում երկու համայնքների միջեւ` հաղթահարելով այն բոլոր խոչընդոտները, որ ներկայումս գոյություն ունեն երկու կողմերում էլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG