Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանի բացումը «չի բխում Ռուսաստանի շահերից»


Վրաստանցի քաղաքագետ Գեորգի Թարխան Մուրավիի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն ավելի բարդ է եւ չի սահմանափակվում միայն հայ-թուրքական սահմանի բացմամբ։

Խոսքը, ըստ նրա, ավելի շատ այն մասին է, թե ինչ պայմաններում դա կիրականացվի եւ ինչպես կանդրադառնա «տարածաշրջանային խաղի» մյուս մասնակիցների` ավելի քիչ Վրաստանի եւ, բնականաբար, ավելի շատ Ադրբեջանի եւ Ռուսաստանի վրա։

«Իմ կարծիքով, ամենեւին էլ Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը, դրա համար էլ Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի, որպեսզի դա տեղի չունենա, եւ քանի որ ազդեցության լծակները բավական շատ են, ես չեմ հավատում, որ հայ-թուրքական հարաբերություններում արմատական փոփոխություններ կլինեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գեորգի Թարխան Մուրավին։

Քաղաքագետի կարծիքով, եթե նույնիսկ դա արվի եւ ինչ-որ չափով դիտվի որպես Ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհ եւ տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցմանն ուղղված քայլ, ապա դա շատ կարեւոր գործընթաց է. - «Կովկասի ներսում այն կհանգեցնի ինտեգրման եւ կբացի ճանապարհ դեպի արեւմուտք, ինչը դրական է»:

Ինչ վերաբերում է Վրաստանում այսօր ընթացող զարգացումներին, ապա Թարխան Մուրավիի կարծիքով, չնայած հասարակական-քաղաքական ընդվզումներին, այդուհանդերձ նախագահ Սահակաշվիլու դիրքերն ամուր են, քանի որ նրա ձեռքում են ուժային կառույցները: Բարոյական տեսանկյունից, սակայն, պատկերը այլ է. - «Այստեղ է, որ Սահակաշվիլին տեղի է տալիս, քանի որ իշխանություններն ակնհայտորեն պատասխանատու են վերջին տարում կատարած մեծ թվով սխալների համար»:

«Եթե նա խիստ միջոցներ չկիրառի, ապա նրա դիրքերը կթուլալան, եւ մեծ թվով մարդիկ կսկսեն աջակցել ընդդիմությանը, իսկ եթե Սահակաշվիլին դիմի խիստ միջոցների, ապա մեծ հակազդեցություն կառաջացնի: Եվ եթե այդ միջոցները լինեն չափազանց խիստ, այդ դեպքում նա առաջին հերթին կկորցնի ամբողջ Արեւմուտքի հարգանքն ու աջակցությունը: Մյուս կողմից, Վրաստանի բնակչությունը սովոր չէ ներել կառավարության շատ խիստ գործողությունները», - ասել է քաղաքագետը։

«Հավասարակշռությունը պահպանելը շատ դժվար կլինի», - կարծում է նա՝ միեւնույն ժամանակ հնարավոր համարելով, որ Սահակաշվիլիին կհաջողվի դա անել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG