Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Ղարաբաղի խնդիրը շատ բարդ է, բայց` լուծելի»


Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսը, Բարվիխա, 17 ապրիլի, 2009
Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսը, Բարվիխա, 17 ապրիլի, 2009

«Ռուսաստանը Ադրբեջանի բարեկամն է, հարեւանը, ռազմավարական գործընկերը, եւ այս հիմքի վրա մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման սկզբում:

Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Մեդվեդեւը եւ Ալիեւը խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին:

Մասնավորապես, Ռուսաստանի նախագահը ասել է. - «Խնդիրը կարգավորելու հեռանկարներ կան, պետք է նախ եւ առաջ հիմնվել միջազգային իրավունքի նորմերի եւ փաստաթղթերի վրա, որ ընդունվել են ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում»:

Մեդվեդեւը ընդգծել է, որ, իր կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության տալ Ղարաբաղի հարցում, ու հավելել է, որ առաջխաղացման համար կարեւոր է, որպեսզի գործընթացի վրա չազդեն երկրորդական, «երբեմն` շատ բարդ գործոններ»:

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը կուզենար Ղարաբաղի հարցում հասնել առավելագույն առաջընթացի, այսինքն` որեւէ արդյունքի:

Ընդհանրապես, Ղարաբաղի խնդիրը, ըստ կրթությամբ իրավաբան Դմիտրի Մեդվեդեւի, «շատ բարդ, բայց լուծելի խնդիր է»:

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ որոշակի առաջխաղացում է տեսնում Ղարաբաղի հարցով բանակցություններում:

«Իհարկե, այն, որ բանակցությունները դեռեւս արդյունքի չեն հանգել, մեզ չի կարող ուրախացնել: Սակայն մենք չենք կարող չնկատել, որ որոշակի առաջխաղացում կա», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա հերթական անգամ ասել է, թե խնդրի կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ալիեւի խոսքերով` թեեւ մնացել են դեռ չհամաձայնեցված հարցեր, բայց ինքը համոզված է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է բավական մոտ ժամանակներս:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները խոսել են նաեւ երկու երկրների միջեւ արագ զարգացող տնտեսական հարաբերությունների, այլ հարցերի մասին: Դմիտրի Մեդվեդեւը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարի աճել է 40 տոկոսով:

Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանի հետ կնքել ադրբեջանական գազը եկող տարվանից ամբողջ քանակով գնելու մասին պայմանագիր, եւ այսօր այդ մասին ասուլիսի ժամանակ են խոսել են նաեւ նախագահները: Մասնավորապես, Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է տվյալ հարցով բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ:

Ադրբեջանի նախագահը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է Դմիտրի Մեդվեդեւի հրավերով:

Ալիեւը Բաքու կմեկնի վաղը, իսկ մինչ այդ` առավոտյան, Մոսկվայում մասնակցելու է Ռուսաստանի ադրբեջանցի երիտասարդների կազմակերպության հիմնադիր նիստին: Այս կազմակերպության առաջնորդներից է Ադրբեջանի նախագահի դուստրը` Լեյլա Ալիեւան:

Ադրբեջանցի գործընկերոջ հետ Ռուսաստանի նախագահը հանդիպել էր նաեւ երեկ երեկոյան: Հանդիպման մասին հայտնում են մի շարք ռուսաստանյան աղբյուրներ` նշելով, որ այն դռնփակ էր:

Ամենայն հավանականությամբ, արդեն եկող շաբաթ կկայանա Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում: Որոշ աղբյուրներ նշում են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հերթական աշխատանքային այցով լինելու է Մոսկվայում:

Որպես Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման հնարավոր ժամկետ նշվում է մայիսի 7-ը, երբ երկու պետությունների ղեկավարները Պրահայում մասնակցելու են Եվրամիության գագաթնաժողովին:

Ավելու ուշ` հունիսի սկզբին, եւս մեկ հանդիպում է նախատեսվում արդեն Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցկացվելու է հերթական միջազգային տնտեսական համաժողովը:

Այդ համաժողովի շրջանակներում անցած տարի կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, իսկ այս անգամ Ռուսաստանը առաջարկում է փոխել հանդիպման ձեւաչափը եւ այն դարձնել եռակողմ` նաեւ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:

Մեկնաբանների կարծիքով` Ռուսաստանին կհաջողվի ստանալ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի նախագահների համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG