Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները


Դմիտրի Մեդվեդեւ եւ Իլհամ Ալիեւ, Բաքու, 3 հուլիսի, 2008
Այսօր Կրեմլում հանդիպում են Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններում խնդիրների բավական լայն շրջանակ է` ղարաբաղյան հակամարտությունից մինչեւ էներգետիկ գործակցություն։

Վերլուծաբաններից ոմանք պնդում են, որ Իլհամ Ալիեւի մոսկովյան այցը Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության մասին է վկայում։ Ավելի վաղ Իլհամ Ալիեւը չեղյալ էր հայտարարել իր այցը Ստամբուլ։

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ առայժմ հեռուն գնացող հետեւություններ անել պետք չէ. - «Ադրբեջանը միշտ էլ հայտարարել է, որ հավասարակշռված արտաքին քաղաքկանություն է վարում։ Այժմ Ալիեւը ցանկանում է լսել իր ռուսաստանցի գործընկերոջը եւ Մեդվեդեւի առաջարկները համադրել մյուս ուղղություններից արված առաջարկների հետ։ Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ այս այցի ընթացքում տեղի կունենա Ադրբեջանի աշխարհաքաղաքական վերակողմնորշումը արեւմուտքից, մասնավորապես, Թուրքիայից` դեպի Ռուսատան»։

Իսկ ճի՞շտ են արդյոք այն պնդումները, թե Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները՝ հայ-թուրքական ակտիվ բանակցությունների ֆոնին գնալով ավելի են սրվում։ Օրերս ադրբեջանցի պատգամավորներից մեկը Ադրբեջանի նախագահի աշխատակազմին նույնիսկ մեղադրել էր «հակաթուրքական» քարոզչական արշավ նախաձեռնելու մեջ։

«Այո, ադրբեջանական ղեկավարությունը բավական բացասաբար ընկալեց Թուրքիայի մտադրությունը` բացել հայ-թուրքական սահմանը առանց Բաքվի տեսակետը հաշվի առնելու։ Այդուհանդերձ, Ադրբեջանի ձեռնարկած հակաքայլերը բավական տպավորիչ էին։ Մենք տեսանք, որ Թուրքիայի ղեկավարությունը ստիպված էր հետ կանգնել իր մտադրությունից։ Հետաքրքիր է, որ ոչ թե Էրդողանն ու Գյուլը ճնշում գործադրեցին Իլհամ Ալիեւի վրա, այլ ընդհակառակը` Իլհամ Ալիեւը կարողացավ Թուրքիայի կառավարության վրա ճնշում իրագործել։ Ինչ վերաբերում է հակաթուրքական քարոզչական արշավի մասին հայտարություններին, այո՛, որպես կանոն ադրբեջանական քարոզչությունը կազմակերպվում է կառավարական մակարդակով եւ իր բնույթով շատ պարզունակ է ու հիմար»։

Մուսաբեկովը, սակայն, նշում է, որ հակաթուրքական առանձին հայտարարությունները այդպես էլ լայնամասշտաբ արշավի չվերածվեցին։

«Ադրբեջանական որեւէ կառավարություն չի ցանկանա, ցանկության դեպքում էլ ի վիճակի չի լինի խաթարել սերտ կապերը Թուրքիայի հետ», - համոզված է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG