Մատչելիության հղումներ

Հարցաքննվեցին վկաները


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 15-ին Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատական նիստում հարցաքննեց վկաներին:

Դատակոչված 15 վկաներից դատարանը հրավիրել էր հինգին, ներկայացել էին երեքը։ Հարցաքննված առաջին երկու վկաները ընդդիմության ներկայացուցիչներ էին. Զավեն Վարդանյանը` Հայաստանի պահպանողական կուսակցության փոխնախագահ, եւ Տիգրան Հակոբյանը` Հեռուստառադիոպետկոմիտեի նախկին ղեկավար, նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչության պատասխանատու։

Զավեն Վարդանյանը դատարանում հայտարարեց, թե 2008-ի մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, գնացել է, որովհետեւ պարտավորություն ուներ կուսակցական իր ընկերների առջեւ, որպեսզի նրանց հավաքի ու թույլ չտա փորձանքի մեջ ընկնել։ Որեւէ մեկն իրեն չի հանձնարարել գնալ Մյասնիկյանի արձանի մոտ, գումար չի առաջարկել։

Տիգրան Հակոբյանը նախ հայտարարեց, որ շատ տխուր է եւ վշտացած, որ այսօրվա անկախ Հայաստանում դեռ այսպիսի դատավարություններ կան։ Հետո ասաց, որ նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունքներ է տվել եւ պատասխանեց կողմերի հարցերին։

Երրորդ վկան թերթերի վաճառքով զբաղվող ոմն Սամվել Գասպարյանն էր։ Այս վկայի ցուցմունքը հարուցեց, մի կողմից, դահլիճի ու դատավարության մասնակիցների ծիծաղը, մյուս կողմից` զարմանքն ու զայրույթը:

«Եթե ընդունենք, որ շատ գրագետ ցուցմունք էր տվել նախաքննության ընթացքում այս վկան` կիրթ բառերով, արդեն իսկ լսեցիք, թե դատարանում ինչ կարգի ցուցմունք տվեց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սուրեն Սիրունյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանի:

Գասպարյանը նախաքննական ցուցմունքում նշել, որ անձամբ է գրել ցուցմունքը: Վկան իր գրավոր ցուցմուքնում օգտագործել էր «հորդորել», «դրդել» բառերը, բայց Ալեքսանդր Արզումանյանի հարցին չկարողացավ պատասխանել, թե ինչ են նշանակում այդ բառեը։

Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե մարտի 1-ին ինչո՞ւ էր գնացել Մյասնիկյանի արձանի մոտ, վկան պատասխանեց. - «Սաղ գնացին ես էլ գնացի... [Այնտեղ] Զուրաբյան Արարատն էր, Նիկոլն էր. Լեւոնն էր»: Եվ փաստաբանի ճշտող հարցին պատասխանեց, թե տեսել է Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ չի եղել։ Նման փաստ չկա քրեական գործում:

Լիպարիտ Սիմոնյանը վկայից կրկին հարցրեց. - «Դուք Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ամսի 1-ին լսե՞լ եք Մյասնիկյանի արձանի մոտ»: «Այո, լսել եմ», - արձագանքեց վկան:

Իսկ երբ փաստաբան Սիմոնյանն ասաց, թե, ըստ քրեական գործի Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին ընդհանրապես չի եղել Մյասնիկյանի արձանի մոտ, վկան խիստ զարմացավ` ո՞նց չի գտնվել:

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 17-ին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG