Մատչելիության հղումներ

Բնապահպանները կրկին մտահոգություն են հնչեցնում Սեւանի կապակցությամբ


Մի շարք հայաստանյան հասարակական կազմակերպություններ այսօր կազմակերպված քննարկմանը իրենց մտահոգությունը հնչեցրին GeoProMining ընկերության` Սեւանա լճի հարեւանությամբ ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելու ծրագրերի կապակցությամբ:

Խոսքը, ըստ էության, Արարատի ոսկու վերամշակման ձեռնակությունը Սեւան տեղափոխելու մասին է, ինչը հնարավորություն կտա ձեռնարկությանը ազատվել երկաթուղով հումքի տեղափոխման ծախսերից:

Բնապահպանների պնդմամբ, նման գործարանի կառուցումը արգելված է «Սեւանի մասին» օրենքով:

«Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի փոխանցմամբ, թեեւ Բնապահպանության նախարարն ու փոխնախարարը պնդում են, որ անօրինական որեւէ գործողություն թույլ չեն տա, նրանք երբեւիցե չեն բացառել, որ փոփոխություններ կարող են կատարվել «Սեւանի մասին» օրենքում:

«Մեր մոտ օրենքները կարող են մեկ օրվա մեջ փոխվել, կարող է կառավարության նիստով հանկարծ ընդունվել, այնուհետեւ մենք սկսենք պարզապես հետեւանքների դեմ պայքարել», - ասաց Այվազյանը: - «Դրա համար մենք փորձում ենք ի սկզբանե հայտնել մեր մտահոգությունը այդ առթիվ»:

«Մենք ունենքն Թեղուտի փորձը եւ չենք ուզում, որ նույն կատարվի այս անգամ», - ասաց «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների դաշինքը մոտ մեկ ամիս առաջ նամակ էր ուղղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել Սեւանա լիճը վտանգից զերծ պահելու համար եւ ստիպել GeoProMining ընկերությանը եւ այս նախագծին աջակցող շահագրգիռ կողմերին գործել օրենսդրության շրջանակներում: Պաշտոնական պատասխան դեռեւս չի ստացվել: Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, ով այսօր մասնակցում էր քննարկմանը, տեղեկացրեց, որ նամակը` որպես առաջարկություն, մինչեւ մայիսի 10-ը կներկայացվի նախագահին:

«Մենք այս պայքարը կշարունակենք այնքան ժամանակ, մինչեւ շրջանառությունից հանվի Սեւանի ափին այդ ձեռնարկության կառուցման տարբերակը», - ասաց Սոնա Այվազյանը: - «Դա դիվերսիա է Հայաստանի դեմ»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Սեւանը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, եւ նման գործարանի կառուցումը Սեւանի ափին անթույլատրելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG