Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը դուրս կգա փողոց


Մի քանի ժամից վրացական ընդդիմությունը դուրս կգա փողոց: Ընդդիմության ակտիվիստներից մեկը` Էկա Բեսելիան երեկ բացահայտեց այսօրվա գործողությունների որոշ մարտավարական նրբությունները:

«Ցուցարարները պետք է հավաքվեն Ռուսթավելիի պողոտայում: Նախապես քաղաքի մի շարք շրջաններում հանրահավաքներ են կազմակերպվելու, օրինակ` Թբիլիսիի համալսարանի կենտրոնական մասնաշենքի, Հանրային հեռուստատեսության, մետրոյի «Հավլաբար» կայարանի մոտ: Ժամը 14-ին բոլոր ցուցարարները կհավաքվեն Ռուսթավելիի պողոտայում եւ վերջնագիր կներկայացնեն Սահակաշվիլիին` պահանջելով նախագահի անհապաղ հրաժարականը: Իսկ եթե ընդդիմության այս պահանջը մերժվի, ապա մենք կբացահայտենք մեր հետագա խաղաղ գործողությունների պլանը», - հայտարարեց Բեսելիան:

Այսօրվա գործողությունները կազմակերպել են 14 ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժումը», նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի` «Վրաստանի ուղին» կուսականությունը:

Երեկ բողոքի ակցիաներին միանալու մասին հայտարարեց նաեւ ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչներից մեկը` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան:

«Իմ կողմից ստեղծված «Հանուն Վրաստանի» դաշինքը եւս միանում է բողոքի գործողություններին, եւ մենք նույնպիսի պատասխանատվություն ենք կրելու, ինչպես եւ ակցիայի կազմակերպիչ մյուս ուժերը: Բողոքի ցույցերի ընթացքում մենք հատուկ մարդկանց ենք նշանակելու մեր շարքերից, որոնք կհամագործակցեն ոստիկանության հետ` սադրանքներից խուսափելու համար», - հայտարարեց Ալասանիան:

Վրաստանի իրավապահները եւս այսօր հատուկ մոնիտորինգի խումբ են ստեղծել, որում ընդգրկված ոստիկանության սպաները ողջ օրվա ընթացքում հետեւելու են ընդդիմադիր ցույցի ընթացքին` փորձելով կանխել 2007 թվականի նոյեմբերի 7-ի դրամատիկ իրադարձությունների կրկնությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG