Մատչելիության հղումներ

Lեւոն Զուրաբյանը հրավիրվել է ոստիկանություն


Այսօր երեկոյան Երեւանի կենտրոնից ոստիկանություն է տարվել տասը մարդ, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Lեւոն Զուրաբյանը: Այդ մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրությունում:

Զուրաբյանը եկել էր Հյուսիսային պողոտա, երբ այնտեղ սովորականի պես հավաքված մարդկանց ոստիկանները հրահանգում էին դուրս գալ տվյալ հատվածից եւ անցնել դիմացի մայթ: Հայ ազգային կոնգրեսի համակարգողը փորձում էր պարզել այդ հրահանգների պատճառը եւ բարձրաստիճան ոստիկաններից պահանջում վկայակոչել օրենքի այն դրույթը, որը իրավապահներին թույլ է տալիս դիմել նման գործողությունների, ինչից հետո ոստիկանները նրան տարան անհայտ ուղղությամբ:

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Զուրաբյանին տարել են ոստիկանություն:

Մինչ այդ ոստիկանները Հյուսիսային պողոտայից տարել էին եւս մի քանի մարդու, հիմնականում` կանանց:

Ոստիկանների գործողություններից հետո մարդիկ սկսեցին խմբերով շարժվել Կարապի լճի, Կենտրոնի թաղապետարանի, Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ, ինչին զուգահեռ` նույն վայրերում հավաքվեցին նաեւ ոստիկաններ, այդ թվում` «կարմիր բերետավորներ»:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը իրենց գործողությունները պատճառաբանել էր նրանով, թե հավաքվածները խաթարում են շրջակայքի անդորրը, խոչընդոտում տեղի խանութների նորմալ աշխատանքին:

Ոստիկանությունում մոտ 15 րոպե պահելուց հետո Լեւոն Զուրաբյանին բաց են թողել:

«Կենտրոնի ոստիկանապետը ինձ կանչեց իր սենյակ` զրուցելու, ասացին` թյուրիմացություն է տեղի ունեցել, ոստիկանապետը ինձնից ներողություն խնդրեց միջադեպի համար», - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Զուրաբյանի պնդմամբ` իրավապահները այդպես էլ չեն կարողացել պարզաբանումներ ներկայացնել, թե ինքը ինչ հիմքերով է տարվել ոստիկանություն:


Անուշ Մարտիրոսյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG