Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա. «Ես իմ տեսակետները չեմ փոխել»


Օբաման ելույթ է ունենում թուրք խորհրդարանականների առջեւ
Օբաման ելույթ է ունենում թուրք խորհրդարանականների առջեւ

«Ես իմ տեսակետները չեմ փոխել», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` այսօր Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Բարաք Օբամայի համատեղ ասուլիսի ընթացքում հնչած երկու հարցերից մեկը Chicago Tribune թերթի թղթակցի հետեւյալ հարցն էր. - «Որպես սենատոր դուք եղել եք ամերիկահայերի կողքին, կողմ եք եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասում էիք, որ որպես նախագահ կճանաչեք ցեղասպանությունը։ Արդյոք փոխե՞լ եք ձեր տեսակետը»։

Միացյալ Նահանգների նախագահը արձագանքել է. - «Ես իմ տեսակետները չեմ փոխել։ Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում` այս մի խնդրի լուծումը։ Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել։ Այս պայմաններում ես կուզեի կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա։ Եթե նրանք կարող են առաջ շարժվել` լուծելով իրենց ողբերգական ու դժվարին պատմության խնդիրները, այս պայմաններում ողջ աշխարհը նրանց պետք է աջակցի։ Ես նախագահին ասացի, որ ցանկանում եմ որքան հնարավոր է կառուցողական դիրք բռնել, որպեսզի այս հարցերը արագորեն լուծվեն։ Իմ զգացողությունն այնպիսին է, որ այդ գործընթացները արագորեն են զարգանում։ Ես կուզեի նաեւ ասել, որ այս բոլոր խնդիրների լուծման ընթացքում մենք համագործակցելու ենք, որպեսզի ամենակարեւոր կողմերը` թուրքերն ու հայերը կարողանան կառուցողաբար հանգել ընդհանուր հայտարարի։ Իմ ցանկությունը մեկն է` քաջալերել նախագահ Գյուլին, որպեսզի նա առաջ շարժվի այս արդեն իսկ արդյունավետ բանակցությունների ճանապարհով։ Ես չէի ցանկանա, որպեսզի Միացյալ Նահանգները թեքվեին դեպի այս կամ այն բանակցային կողմը, քանի դեռ նրանք արդյունավետ բանակցությունների փուլում են»։

Այսօր ավելի ուշ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Բարաք Օբաման կրկին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների խնդրին` մասնավորապես, հայտարարելով. - «Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում` կապված 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ։ Հայ եւ թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի վրա` թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը։ Մենք դարձանք հայ եւ թուրք առաջնորդների պատմական ու ոգեւորիչ քայլերի ականատեսը։ Այս շփումները նոր օր են խոստանում մեզ։ Սահմանի բացումը հայ եւ թուրք ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ ու խաղաղ գոյակցության, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից։ Այնպես որ, ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` Միացյալ Նահանգները միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ։ Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, մի խնդիր, որը բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է»։

Ինչպես Սենատում իր գործունեության ընթացքում, այնպես էլ նախագահական ընտրարշավում Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։

2008-ի հունվարին Օբամայի քարոզարշավի կայքէջում, մասնավորապես նշվում էր. - «Հայոց ցեղասպանությունը մեղադրանք չէ, ոչ էլ անձնական կարծիք կամ տեսակետ։ Սա լայնորեն վավերագրված փաստ է, որի օգտին խոսում են պատմական բազմաթիվ վկայություններ։ Ամերիկան արժանի է ունենալ այնպիսի առաջնորդ, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին, եւ ով վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին։ Ես մտադիր եմ լինել հենց այդ նախագահը»։

Բարաք Օբաման Անկարա է ժամանել երեկ ուշ երեկոյան, իսկ այսօր առավոտյան այցելել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Պատվավոր հյուրերի համար նախատեսված հատուկ մատյանում Օբաման հետեւյալ գրառումն է արել. - «Ես ակնկալում եմ, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կամրապնդվեն, իսկ Քեմալ Աթաթուրքի ցանկությունը` Թուրքիան տեսնել ժամանակակից ու բարգավաճ ժողովրդավարական պետությունների շարքում, իրականություն կդառնա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG