Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ «Հրապարակ»-ը գրում է. - «Սահմանների բացման հարցում թերեւս վճռորոշ դեր է խաղալու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը Թուրքիա, որին հաշված օրեր են մնացել: Այդ այցին են սպասում ոչ միայն մեր հարեւան թուրքերը, ռուսները, այլեւ մենք: Ինչ կանի Օբաման Թուրքիայում, ինչ կասի, ինչպես կպահի իրեն, եւ ապա այդ այցն ինչ ազդեցություն կունենա ԱՄՆ-ի` հարավկովկասյան եւ ընդհանրապես` ողջ տարածաշրջանի նկատմամբ տարվող քաղաքականության ու, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Թեեւ ամերիկահայ համայնքն առավելապես սպասում է, թե Օբաման արդյո՞ք ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը»:
Թեման շարունակում է «Ժամանակ» օրաթերթը. - «Որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար բացում է տնտեսական նոր հեռանկար` անվիճարկելի իրողություն է։ Եվ այդ կապակցությամբ, անշուշտ, կարելի է միայն ողջունել Հայաստանի իշխանության նախաձեռնությունը, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերության բարելավմանը, ինչի արդյունք է լինելու հայ-թուրքական բաց սահմանը։ Ավելին` հայ-թուրքական սահմանի բացումն իր տնտեսական նշանակությամբ, եւ այդ տնտեսական նշանակության հետեւանք հանդիսացող քաղաքական կարեւորությամբ գուցե ավելին է, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը երրորդ երկրում, եթե նույնիսկ այդ երկիրը Միացյալ Նահանգներն է։ Ի վերջո, Հայաստանի իշխանության համար գերակա պետք է լինի Հայաստանի պետության շահը, քան առավելապես զգացմունքային հողի վրա գտնվող Ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Իսկ այդ, այսինքն` պետական շահի տեսանկյունից կասկածից վեր է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առավել կարեւոր քայլ է, քան Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի պարագայում Հայաստանը ոչինչ չի շահում` որպես պետություն, այլ Հայաստանի կամ հայկական հարցի շահարկման միջոցով երրորդ երկրները իրենց հարաբերությունն են պարզում Թուրքիայի հետ»: Այս ամենով հանդերձ, «Ժամանակ»-ի մեկնաբանը նշում է. - «Այժմ Հայաստանի իշխանությունը ոչ միայն դուրս է մղել ճանաչման խնդիրը պետական քաղաքականության օրակարգից, այլ փաստացի փորձում է Թուրքիային երաշխիքներ տալ, որ այն այդ օրակարգում չի հայտնվի հայ-թուրքական սահմանը բացելուց ու դիվանագիտական հարաբերություն հաստատելուց հետո։ Մինչդեռ, ինչքան էլ որ լավ բան է հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական հեռանկարի առումով, այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ դա անխուսափելիորեն ենթադրում է տնտեսաքաղաքական բաց մրցակցություն առաջին հերթին Թուրքիայի հետ»:
«7-ի գործը» մասնատելու առնչությամբ «Հայկական ժամանակ»-ի խմբագրականն արձանագրում է. - «Մնացական Մարտիրոսյանի որոշումը այնքան բազմաշերտ է, որ այն դեռ մեկնաբանվելու է ու մեկնաբանվելու: Տեսեք, ուրեմն, ինչ է ստացվում: Մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ «Յոթի գործով» քաղբանտարկյալները, գումարած ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, գումարած Վիրաբ Մանուկյանը, գումարած Համլետ Հովհաննիսյանը եւ ձեր խոնարհ ծառան, մի հանցավոր խումբ են ձեւավորել ու սկսել իշխանության յուրացումն ու զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Այսինքն` մարտի 1-ին տեղի էր ունեցել մի մեծ զանգվածային անկարգություն, որը կազմակերպել էր վերը նշված հանցավոր խումբը: Սա էր իշխանության վարկածը: Հիմա, փաստորեն, գործը մասնատում են, ու ստացվում է, որ ոչ թե մեկ ընդհանուր զանգվածային անկարգություն է կազմակերպվել մարտի 1-ին, այլ առնվազն վեց զուգահեռ զանգվածային անկարգություններ»:
Նույն թեմայի առնչությամբ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Ճշմարտությունը բովանդակային առումով ընդամենը մեկն է՝ անկախ նրանից, այն դիտարկվում է մեկ ամբողջության մեջ, թե մասերի է բաժանվում ու վերածվում կոնկրետ քրեական մեղադրանքների, որոնց հերքելն, ի դեպ, ավելի դժվար է լինելու զուտ իրավական առումով։ Ուստի, եթե մարտի 1-2-ի իրադարձությունների համար պատասխանատու ուժի ներկայացուցիչը փորձում է օգտագործել ներկայացված մեղադրանքների տարանջատման եւ տարբեր դատարաններ ուղարկվելու փաստը հեռուն տանող քաղաքական եզրակացությունների համար, ապա բոլոր այն անհատ գործիչները, ովքեր մինչ օրս պահանջում էին իշխանություններից մեղմ վարվել մարտի 1-2-ին մայրաքաղաքի փողոցները ավերակների կույտի վերածած անձանց հանդեպ, այժմ արդեն պարտավոր են հարց տալ իրենց. հարկավո՞ր է արդյոք ճշմարտության քողարկումը հանուն «քաղաքական նպատակահարմարության»։ Եթե այո, ապա որտե՞ղ են այն երաշխիքները, որ այդ ամենը չի կրկնվի, դիցուք, 2009թ. հունիսի 1-2-ին»:
«168 ժամ» թերթի խմբագրականն անդրադառնում է բյուջեի հնարավոր սեկվեստրին եւ դրա հետ կապված քաղաքական զարգացումներին: Թերթում կարդում ենք. - «Երեւանի ավագանում ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները մի տեսակ երկրորդ պլան մղեցին պետական բյուջեի կրճատման` ըստ էության, սեկվեստրի փաստը, եւ նաեւ դրա հետ կապվող` վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը: Սակայն, ըստ լավատեղյակ աղբյուրների, Տիգրան Սարգսյանի հրաժարականը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգում: Ավելին` արդեն քննարկվում է ինչպես ապագա վարչապետի, այնպես էլ Տիգրան Սարգսյանի` մեկ այլ պաշտոնում նշանակման հարցը: Ընդ որում, բացառված չէ, որ վարչապետի փոփոխությունը կարող է տեղի ունենալ մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Ըստ այդմ, իշխանական շրջանակներում քննարկվում է Երեւանի ավաանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հավանականությունը: Մեր տեղեկություններով, այս սցենարի իրականացումն իշխանությունները պայմանավորում են Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի զարգացումներով: Այսինքն` այդ նշանակումները կկատարվեն, եթե իշխանությունները հանակերպվեն իրենց պարտության անխուսափելիության հետ, ինչի հավանականությունը տնալով մեծանում է: Նշված սցենարի տրամաբանությունն այն է, որ եթե Երեւանում ընդդիմությունը հասնի իշխանության, գոնե գործադիր իշխանությունը` կառավարությունը, լինի ավելի ուժեղ»:
Տիգրան Ավետիսյան