Մատչելիության հղումներ

Ապրիլի 3-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով մայիսի 31-ի ընտրություններին ուսուցիչների մասնակցությանը, առաջարկում է շատ պարզ օրենք ընդունել. - «1. Դպրոցի ուսուցիչներին եւ բուհերի դասախոսներին արգելվում է անդամագրվել որեւէ կուսակցության եւ ընտրությունների ժամանակ քարոզչություն տանել որեւէ կուսակցության կամ թեկնածուի օգտին: 2. Նրանց արգելվում է մասնակցել ընտրություններին` որպես ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ: 3. Արգելվում է ընտրական տեղամասեր բացել դպրոցների եւ բուհերի տարածքներում: Հասկանում եմ, որ դրանով սահմանափակվելու են մարդկանց որոշ խմբի իրավունքները: Բայց դա արժե անել` հանուն ավելի շատ մարդկանց ազատ ընտրելու, ինչպես նաեւ երեխաների` կրթություն ստանալու իրավունքի: Ժամանակավորապես` մինչեւ կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնել»:

Հղում անելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների վերջին հայտարարությանը, մասնավորապես հետեւյալ հատվածին` «Մենք կրկնում ենք, որ ԵԽԽՎ-ն պահանջել է, որպեսզի բոլոր անձինք, որոնք զրկվել են իրենց ազատությունից մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի առնչությամբ, ու որոնք անձամբ բռնություն չեն կատարել, ազատ արձակվեն»` «Հրապարակ» թերթի մեկնաբանը նշում է. - «Քվեարկության իրավունքից զրկելու դամոկլյան սուրը նորից սկսեց ճոճվել: Այժմ արդեն հետաքրքիր է` նամակներ հղող ու խոստումներ տվող Ազգային ժողովի նախագահն ինչպե՞ս է ամփոփելու արածն ու չարածը: Թե՞ կարծում էին մի երկու հոդված փոխել-հանելով, բայց մարդկանց քաղաքական նկատառումներով անազատության մեջ պահելով, արդյունք են գրանցել»:

«Իրավունք» թերթի հարցազրույցում Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, մեկնաբանելով «Երեւանի մասին» օրենքը, նկատում է. - «Օրենքում բացասական էլեմենտներ կան: Այն է` այս օրենքը, կարծես թե, ստեղծվել է այն բանի համար, որ Երեւանը դառնա իշխող կուսակցության ոստանը կամ բոստանը: Նախ` անհասկանալի ձեւով այդ օրենքը քաղաքականացվել է, եւ անհասկանալի է, թե ինչու ՀՀ նախագահը կարող է լինել անկուսակցական, իսկ քաղաքապետը պարտադիր պետք է լինի կուսակցության կողմից: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է թույլատրվում կուսակցությունների մասնակցությունը (այն դեպքում, երբ տեղական ընտրությունների ժամանակ պարտադիր չէ անըամ քաղաքացիության նորմը), ինչո՞ւ է ընդունվել 40 + 1 բանաձեւը: Ես կարծում եմ, որ այս ամենը շատ անտրամաբանական է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դա ստեղծված է հենց այն կուսակցության համար, որը Երեւանում 40 տոկոսից ավելի ձայն երբեք չի հավաքել: Եվ ի՞նչ կարիք կա, որ այս երկուսը համատեղված լինեն ավաըանու ընտրության հետ»:

«Չորրորդ իշխանություն» թերթում կարդում ենք. - «Պաշտոնական սոցիոլոգիայի ներկայացուցիչներն արդեն կանխատեսումներ են անում, թե Երեւանի ավագանու ընտրություններում միայն ՀՀԿ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը կարող են հաղթահարել 40 տոկոսը: Բայց մի շտապեք եզրակացնել, թե նախորդ ընտրություններից հետո նրանք «խելոքացել են» եւ հիմա ավելի օբյեկտիվ գնահատականներ են տալիս: Պարզապես հիմա այն փուլն է, երբ սոցիոլոգները նման հայտարարություններով պիտի իրենց համար անկողմնակալի իմիջ ստեղծեն: Հետո կսկսվի քարոզարշավը, նրանց կոնկրետ պատվերներ կտան, եւ նրանք կոնկրետ թվեր կներկայացնեն: Բացի այդ, սոցիոլոգները նաեւ կոնկրետ հարց են լուծում. որպեսզի իրենց ծառայություններ թանկացնեն, այսօրվանից վախեցնում են իշխանություններին»:

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Արտաշես Շահբազյանին, մասնավորապես, այսպիսի հարց է տրվում. «Այսօր հատկապես ընդդիմադիրների կողմից տիրաժավորվում է տեսակետ, թե մրցակցության կողմերը երկուսն են, թե երկու ուժեր են պայքարելու՝ ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը։ Կոնգրեսականները հայտարարում են, թե ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին կամ ՕԵԿ-ին քվե տալը նշանակում է ՀՀԿ-ի օգտին քվեարկել»։ Շահբազյանը պատասխանում է. - «Այսպիսով փորձ է արվում ընտրողի համակրանքը ժողովրդի կոնկրետ թեկնածուներից հեռացնել այն պատճառաբանությամբ, թե, միեւնույն է, նրանք չեն հաղթի։ Իրականացվում է պարզ բեւեռացում, ինչը ուղղակի քարոզչական հնար է։ Այսինքն՝ դարձյալ երկու բեւեռների, սեւի եւ սպիտակի են փորձում բաժանել ե՛ւ քաղաքական ուժերի հնարավորությունները, ե՛ւ ընտրողին»։

«Կապիտալ» թերթը գրում է. - «Ռուսական 500 մլն դոլար կայունացնող վարկի ստացման ժամկետը մի քանի շաբաթով կրկին հետաձգվում է։ Նախապես ակնկալվում էր, որ վարկը կստացվի մարտին, հետո՝ ապրիլին։ Մարտի 24-ին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հույս հայտնեց, որ վարկը կստացվի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Սակայն երեկ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նոր ճշգրտումներ է մտցրել՝ վարկը սպասվում է հունիսի վերջին։ Ռուսաստանի Դաշնության բյուջեի փոփոխված տարբերակը, որում առանձին տողով նշված է Հայաստանի համար վարկը, արդեն ներկայացվել է Պետդումայի քննարկմանը եւ հաստատմանը»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG