Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկում է «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումը


Այսօր Ստամբուլում բացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումը։ Հայաստանը պաշտոնապես չի միացել դաշինքին, սակայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու այս միջոցառմանը։

Համաժողովին մասնակցում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը երեկ գիշեր Պրահայից ուղեւորվեց Թուրքիա։ Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ թուրք-ամերիկյան բանակցությունների հիմնական հարցերից մեկը լինելու է Հայաստանին վերաբերող խնդիրը։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել էր, թե Բարաք Օբամայի հետ կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաեւ Հայաստանին ու Lեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ

Թուրքիա մեկնելուց առաջ, Պրահայում Եվրամիություն-ԱՄՆ գագաթաժողովում Բարաք Օբաման Եվրամիությանը կոչ արեց Թուրքիային ընդունել որպես Եվրամիության անդամ` ասելով, թե դա դրական ազդանշան կլինի մահմեդական աշխարհի համար։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն հակադարձել է Օբամային, ասելով, թե ինքը չի փոխել ու չի փոխի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը` վճռականորեն դեմ արտահայտվելով դրան։ Սարկոզին հավելել է, թե իր բացասական կարծիքը կիսում են եվրոպական երկների մեծ մասը։

Բարաք Օբաման Թուրքիայում հանդիպելու է նաեւ քրիստոնեական դավանանքի կրոնական առաջնորդների հետ։ Նա իջեւանել է Ստամբուլի «Կոնկորդ» հյուրանոցում եւ ապրիլի 7-ին այնտեղ ընդունելու է հոգեւոր առաջնորդներին։ Հայոց պատրիարքարանից ամենայն հավանականությամբ հանդիպմանը կմասնակցի Շահան Սրբազանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG