Մատչելիության հղումներ

Վարդան Ջհանգիրյանը դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման


Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր 3 տարվա պայմանական (պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշմամբ) ազատազրկման դատապարտեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը` Վարդան Ջհանգիրյանին:

Հետընտրական զարգացումների առնչությամբ ձերբակալված Վարդան Ջհանգիրյանին դատարանը մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում»:

Վարդան Ջհանգիրյանին մեղադրանք էր հարուցվել նույն հոդվածի 2-րդ մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրում», եւմ ըստ այդմ, մեղադրող Կորյուն Փիլոյանը պահանջել էր նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման:

«Մենք շատ ոգեւորված չենք այս դատավճռից», - նիստից հետո ասաց Ջհանգիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը` հավելելով, որ իրենց համար կարեւորը խափանման միջոցը փոխելն էր, որպեսզի Վարդան Ջհանգիրյանը, ով տառապում է ողնաշարի տուբերկուլյոզով, կարողանա մեկնել Գերմանիա` բուժման:

Իր վճռով, սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանը անփոփոխ թողեց խափանման միջոցը` հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչը նշանակում է, որ Ջհանգիրյանը դեռ առնվազն մեկ ամիս չի կարող մեկնել բուժման:

Անցած շաբաթ 3 տարվա ազատազրկման (առանց պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշման) դատապարտվեց Գագիկ Ջհանգիրյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG