Մատչելիության հղումներ

Կոալիցիոն ուժերից մեկը փորձում է «գնել» ընտրահանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց, որ իշխանական կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները փորձել են կաշառքի միջոցով «գնել» ընտրական հանձնաժողովներում «Ժառանգությանը» հատկացված տեղերը:

«Մենք ունենք բազմաթիվ ահազանգեր մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներից, որ կոալիցիոն ուժերից մեկը առաջարկում է գնել մեր տեղամասերի տեղերը եւ, երբ մերժում են ստանում, ասում են, որ եթե չկարողանան ամբողջությամբ գնել, կմոտենան մեր հանձնաժողովի անդամներին եւ առանձին-առանձին կփորձեն կաշառել նրանց», - նշեց Թադեւոսյանը:

Զոյա Թադեւոսյանի խոսքով, այդ քայլին դիմել է «առայժմ մեկ քաղաքական ուժ», որին նա չցանկացավ բացահայտել` նշելով, այդուհանդերձ. - «Եթե նրանք չդադարեցնեն իրենց հանցավոր գործունեությունը, ես նրանց անունները հրապարակելու են»:

ԿԸՀ-ում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Աբրահամ Բախչագուլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն հանձնաժողովներում տեղեր գնելու «շարժառիթներ չունի»:

«Տեղամասում այս կամ այն հանձնաժողովի անդամ գնելով, քվեարկության արդյունքները չի կարող ուղղորդվել», - հավելեց նա:

ԿԸՀ-ի անդամ Համլետ Աբրահամյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դաշնակցությունը ոչ գնել է որեւէ մեկից տեղ, եւ ոչ էլ վաճառել»:

Զոյա Թադեւոսյանի հնչեցրած մեղադրանքը հերքեցին նաեւ ԿԸՀ-ում «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ներկայացնող Սոնա Սարգսյանն ու Հարություն Շահբազյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը «Ազատություն» ռադիոկայանին, հանձնաժողովի մամուլի խոսնակի միջոցով փոխանցեց, որ Երեւանի ավագանու ընտորւթյունների համար տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելու են մայիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, ուստի հնարավոր չէ կաշառել չկազմավորված հանձնաժողովի անդամին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG