Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «Շարունակվելու է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում լինել օրենքի կիրառման հետագա ընթացքը»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ քննարկել է Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւի կատարման ընթացքը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է Հայաստանում իրականացված օրենսդրական բարեփոխումները` կարեւորելով օրենքի կիրառման հետագա ընթացքը:

«Ողջունվեցին օրենսդրական փոփոխությունները` հաշվի առնելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի դրական որոշումը: Միաժամանակ, կարեւորվեց օրենքի կիրառումը, հաշվի առնելով, որ օրենքը դեռեւս գործադրված չէ, թեեւ ուժի մեջ է, շարունակվելու է Մոնիտորինգի հանձնաժողովի ուշադրություն կենտրոնում լինել օրենքի կիրառման հետագա ընթացքը», - ասաց Դավիթ Հարությունյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի կարծիքով, մինչեւ Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի սկիզբը Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխությունների գործադրման որոշակի արդյունքներ կլինեն, որոնցից կախված` հանձնաժողովը անդրադարձ կկատարի Հայաստանի հարցին:

Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկման թեմա են եղել նաեւ Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեության առնչությամբ այս պահին իրականացվող փոփոխությունները:

«Մասնավորապես, կարգավորիչ մարմնի ձեւավորման հետ կապված առաջարկությունները, որոնք հնչեցվել են Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից», - նշեց Հարությունյանը:

Քննարկման առարկա են եղել նաեւ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրությունները:

«Ողջունեցին, որ ընտրությունները իրականացվում են քաղաքական բազմակարծության պայմաններում, մասնավորապես, հաշվի առնելով նաեւ առաջադրված թեկնածությունները եւ այն, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները որոշում են կայացրել առանձին ցուցակներով ներկայանալ այդ ընտրություններին», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, «եվրոպական էթիկական ձեւակերպումները» պետք չէ լուրջ ընդունել:

«Ֆորմալ խոսում են, դա այդքան լուրջ մի ընդունեք: Իրականում նրանք հստակ հասկանում են, թե Հայաստանում ինչ է կատարվում: Եթե իշխանությունները փորձեն մայիսի 31-ի ընտրությունները անեն նույն մեթոդներով, որ արել են բոլոր տարիների ընթացքում, հունիսի 1-ից Հայաստանում կսկսվի մի նոր ժամանակի հաշվարկ», - ասաց Հովհաննիսյանը:

Հունվարի 27-ին ընդունված ԵԽԽՎ 1643 բանաձեւով որոշվել էր «չկասեցնել հայաստանյան խորհրդարանական առաքելության քվեարկության իրավունքը Վեհաժողովում»: Միեւնույն ժամանակ նշվում էր, որ Վեհաժողովը շարունակում է «անբավարարված մնալ եւ լրջորեն անհանգստացած է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված անձանց ազատազրկման փաստով, ովքեր, հնարավոր է, որ դատապարտվել եւ ազատազրկվել են քաղաքական շարժառիթներով»:

1643 բանաձեւում շեշտվել էր, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներով մեղադրված անձինք «կարող էին մեղադրված լինել քաղաքական շարժառիթներով» եւ որպես Հայաստանի ձայնի իրավունքը չկասեցնելու հիմնավորումներից մեկը նշվել էր հիշյալ հոդվածներում փոփոխություններ կատարելու` ԱԺ նախագահի նախաձեռնությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG