«7-ի գործով» մեղադրվող եւ ներկայումս անազատության մեջ գնտվող պատգամավորների դիմումի առիթը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարված եւ մարտի 23-ին ուժի մեջ մտած փոփոխություններն են:
«Ազգային ժողովի պատգամավորները` մեր պաշտպանյալները, դիմում են հղել Ազգային ժողովի պատգամավորներին եւ նախագահին` Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք հրատապ նիստ հրավիրեն` օրակարգում դնելով իրենց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ որոշումը, քանի որ արդեն իրողություն է, որ այն օրենքները, որոնց հիման վրա նրանք անազատության մեջ են գտնվել, վերացել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:
Նա պնդեց, որ նշված փոփոխություններից հետո պատգամավորներին անազատության մեջ պահելը հակասում է օրենքին. - «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, երբ արտահերթ նիստում միջնորդություն ներկայացրեց Ազգային ժողովին, հիմնավորումներ էր բերել, թե ինչու պետք է անձեռնմխելիությունից զրկեն եւ կալանավորեն պատգամավորներին, որոշակիորեն մատնանշել էր, որ նրանց գործողություններում առկա են եղել 225 հոդվածի 3-րդ եւ 300 հոդված 1-ին մասերի հատկանիշներ: Այս հոդվածներով էր, որ Ազգային ժողովը տվել էր իր համաձայնությունը: Հիմա դրանք վերացել են, եւ որեւէ խոչընդոտ չկա, որ այդ անձանց անհապաղ ազատ արձակեն»:
Քրեական օրենսգրքի նշված հոդվածների փոփոխության կապակցությամբ` մեղադրանքի վերաորակման միջնորդությամբ, «7-ի գործով» դատավարությունը հետաձգվել է մինչեւ ապրիլի 1-ը:
Անուշ Մարտիրոսյան
(Լուսանկարում` Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը)