Նրա բնորոշմամբ` «Ժառանգության» չմասնակցելը Երեւանի ավագանու ընտրություններին ստեղծում է «քաղաքական նոր իրավիճակ». - «Կան իշխանական կոալիցիայի կուսակցությունները, որոնք գնում են ընտրությունների, եւ կա մեկ կոնսոլիդացված ընդդիմադիր թիմ, որը գնում է ընտրությունների: Սա իսկապես շատ լավ իրավիճակ է եւ փոխում է քաղաքական իրավիճակը ընդհանրապես»:
Խորհրդարանում ներկայացված «Ժառանգություն» կուսակցությունը երեկ տարածած հայտարարությամբ իր որոշումը բացատրել էր հետեւյալ կերպ. - «Հասկանալով, որ ստեղծված պայմաններում ընդդիմադիր այս երկու ուժերից մեկը պետք է զիջի, «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է չառաջադրել սեփական ցուցակը»:
Իր ընտրողներին ու մայրաքաղաքի բոլոր բնակիչներին կուսակցությունը կոչ է արել ձայն տալ «ընդդիմության օգտին»:
Մուսինյանի կարծիքով, իշխանությունը այսօր ավելի վատ իրավիճակում է հայտնվել, քան 2008-ի նախագահական ընտրապայքարում. - «Հաշվի առնելով այս մեկ տարվա ընթացքում ե’ւ իշխանությունների վարքագիծը, ե’ւ նաեւ ընդդիմության հզորացումը, ես կարծում եմ, որ ներկա պահին ռեալ արդյունքը շատ ավելի աննպաստ է իշխանությունների համար»:
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մինչդեռ, կարծում է, որ իշխանությունների վարկանիշը ոչ միայն չի նվազել, այլեւ աճել է:
«Ընդհակառակը, նախագահի դիրքերը ավելի ամրապնդված են, եւ [նախագահի] հեղինակությունն ավելի է բարձրացել այս մեկ տարվա ընթացքում` ի տարբերություն նախկին բոլոր նախագահների», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զոհրաբյանը:
Աստղիկ Բեդեւյան