Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկրի» ցուցակը կգլխավորի Հեղինե Բիշարյանը


«Օրինաց երկիր» կուսակցության երեւանյան կազմակերպության կոնֆերանսը այսօր հաստատեց Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին առաջադրվող ցուցակը, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում է ՕԵԿ-ի փոխնախագահ, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

Խոսելով կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուի մասին, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, մասնավորապես, ասաց. - «Առյուծը` առյուծ է, անկախ նրանից` նա էգ է, թե որձ: Եվ կյանքը ցույց է տվել, որ շատ հաճախ ավելի հավատարիմ ու ավելի պատվաբեր է լինել էգ առյուծ, քան` որձ շակալ»:

Կոնֆերանսում ելույթ ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությանը գնահատականներ տալուց բացի, Արթուր Բաղդասարյանը զերծ չմնաց նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելուց:

«Սկսած 2008 թվականի հունվար - փետրվար ամիսներից` մեր առաջ դնում էին մի խնդիր. կամ դու մեր հետ ես, կամ ազգի դավաճան ու թշնամի ես: Մեզ մեկ տարի առաջ ներկայացնում էր շանտաժի քաղաքականություն: Հիմա նույն բանը նրանք շարունակում են «Ժառանգություն» կուսակցության հետ», - հայտարարեց ՕԵԿ-ի նախագահը:

«Մենք ողջունում ենք, որ այս ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել ե’ւ Հայ ազգային կոնգրեսը, ե’ւ «Ժառանգություն» կուսակցությունը, ե’ւ Ժողովրդական կուսակցությունը, եւ մյուս բոլոր կոալիցիոն քաղաքական կուսակցությունները: Թող լինի գաղափարների, տեսակետների մրցակցություն եւ թող հաղթի լավագույնն ու արժանավորը», - մաղթեց Արթուր Բաղդասարյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG