Թեեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը կարող են ընտրություններին մասնակցել առանձին ցուցակներով, Խուրշուդյանը վստահ է, որ մայիսի 31-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ կտանի:
«Ընդդիմությունը մեկն է` տարբեր մարմնավորումներով, հանձինս Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության»: Մենք չենք ընդունում այն պնդումը, որ միայն ՀԱԿ-ն է ընդդիմության մարմնավորումը», - նշեց «Ժառանգության» մամուլի խոսնակը:
Հովսեփ Խուրշուդյանը նաեւ մեկնաբանեց կուսակցության որոշումը` Հայ ազգային կոնգրեսին առաջարկված միասնական ընտրացուցակի առաջին տեղում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրասյանի թեկնածությունն առաջարկելու մասին:
«Կա ընտրողների մի մեծ խավ, որը դժվարանում է իր ձայնը տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, եւ [առաջարկվել էր] առաջինը նշանակել Արմեն Մարտիրոսյանին կամ որեւէ այլ երիտասարդ քաղաքական գործչի, բնականաբար այդքան կշիռ չունեցող, ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը», - նշեց Խուրշուդյանը:
«Ժառանգության» մամուլի քարտուղարի մեկնաբանությամբ, այդպիսով Գագիկ Բեգլարյանի դեմ հանդես կգար երիտասարդ, նոր դեմք, որին «այդ ազդեցիկ, հեղինակավոր գործիչները իրենց ուսերի վրա» առաջ կտանեին դեպի հաղթանակ:
Աստղիկ Բեդեւյան