Մարտի 10-ին նույն ձեւակերպմամբ 5 օր ժամանակով Մարտիրոսյանը դատականի դահլիճից հեռացրել էր 5 ամբաստանյալների` Ալեքսանդր Արզումանյանին, Սուրեն Սիրունյանին, պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին: Իսկ 7-րդ ամբաստանյալ Շանթ Հարությունյանի մասով չորս օր առաջ գործի քննությունը կասեցվել էր` վերջինիս առողջական վիճակով պայմանավորված:
Մնացական Մարտիրոսյանն ասել էր, որ «բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ամբաստանյալ Շանթ Հարությունյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ», եւ անհրաժեշտ է նշանակել դատահոգեբուժական ստացիոնալ փորձաքննություն:
Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալին Ենգոյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ այդ փորձաքննությունը դեռ չի անցկացվել»:
Իսկ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ մարտի 10-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանի խցից նկատվել է ծխի հոսք: Բացելով խցի դուռը, պարզվել է, որ Հարությունյանն այրել է իրեն տրամադրած բարձը: Դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շահում Տիգրանյանին: Վերջինս երեկ այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Տիգրանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանին, որը դատախազի նկատմամբ դրսեւորել է ագրեսիվ վերաբերմունք եւ հրաժարվել է պատասխանել հարցերին:
Իսկ դատարանի դահլիճում նիստը շարունակվեց առանց ամբաստանյալների: Վերջիններիս պաշտպանները միջնորդեցին հետաձգել դատական նիստը, Մարտիրոսյանը, սակայն, չհետաձգեց նիստը:
Դատավորը սկսեց հրապարակել ամբաստանյալների կենսագրական տվյալները, ապա ներկայացրեց մեղադրողներին: Երբ Մնացականյանը խոսեց գործի նյութերից, պաշտպանները հայտնաբերեցին, որ քրեական գործի ոչ բոլոր հատորներին են ծանոթ:
Դատավորը, սակայն, կրկին չհետաձգեց նիստը` մեկ հատորին ծանոթանալու համար հայտարարելով մեկժամյա ընդմիջում:
Ընդմիջումից հետո Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Կորյուն Փիլոյանին: Դատավորը միջնորդությունը մերժեց: Առուստամյանը այնուհետեւ բացարկ հայտնեց մյուս մեղադրողի` Հովսեփ Սարգսյանի դեմ: Այս միջնորդությունը քննարկելու համար դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Նիստը ընդմիջվեց մինչեւ երկուշաբթի:
Աստղիկ Բեդեւյան