Զեկույցն անդրադառնում է Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ղազախստանին, Ղըրղզստանին, Թուրքմենստանին եւ Ուզբեկստանին: Իրավիճակի ուսումնասիրման արդյունքում հիմնադրամը հանգել է եզրակացության, որ 2009 թվականին այս երկրներում տնտեսական աճը հնարավոր է, որ նույնիսկ 2 տոկոսից պակաս լինի:
Ընդգծելով, որ թվարկված երկրներից մի քանիսի տնտեսությունը կախված է էներգակիրների արտահանումից, մյուսներինը` այդ թվում Հայաստանինը, դրսից եկող գումարներից, Արժույթի միջազգային հիմնադրամը տնտեսական աճի հետագա անկման վտանգը կապում է համաշխարհային շուկայում էներգակիրների գնի նվազման ու Ռուսաստանում սրվող ճգնաժամի հետ:
«Արտաքին մեծ ցնցումների հետեւանքով տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերը արդեն նվազել են` 2007-ին արձանագրված 12 տոկոսի փոխարեն 2008-ին հասնելով 6 տոկոսի: 2009-ին կարելի է կանխատեսել 2 տոկոսից պակաս տնտեսական աճ. այդ ռիսկն ավելի տեսանելի է դառնում Ռուսաստանում սրվող իրավիճակի հետ»,- նշում է հիմնադրամը:
Ըստ վերլուծության, վառելիքի գների նվազումից առավելապես տուժում են տարածաշրջանում էներգակիրների 4 խոշոր արտահանողները` Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը, որոնք վերջին տարիներին իրենց տնտեսական աճն ապահովում էին նավթի ու գազի թանկացման հաշվին:
Ռուսաստանի ճգնաժամը կանդրադառնա հատկապես էներգետիկ պաշարներից զուրկ Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի ու Ղըրղզստանի վրա, որովհետեւ այս երկրների բնակչության մի հոծ զանգված արտագնա աշխատում է Ռուսաստանում:
«Ռուսաստանից փոխանցումների նվազումը բացասաբար կազդի տարածաշրջանի փոքր երկրների վրա, որտեղ ՀՆԱ առնվազն 20 տոկոսը հենց դրամական փոխանցումների հաշվին էր գոյանում»,- արձանագրում է ԱՄՀ-ը, մանրամասնելով, որ Ռուսաստանում աշխատող միգրանտներից շատերը զրկվում են աշխատանքից, ինչի հետեւանքով պետք է վերադառնան հայրենիք: Իսկ դա ենթադրում է սոցիալական հավելյալ լարվածություն եւ հավելյալ ծախսեր:
Իրինա Հովհաննիսյան