Վերաֆինանսավորման տոկոսադրույքը Արեւմտյան տնտեսություններում օգտագործվում է որպես տնտեսության վարկավորումն ու հետագա զարգացումը խթանող գործիք:
Մեկնաբանելով Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Կարծում եմ, այն ֆոնի վրա, որ ե’ւ զարգացած, ե’ւ զարգացող պետությունները իջեցնում են այդ տոկոսադրույքը, Հայաստանը պետք է հետեւի այդ օրինակին»:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը Հայաստանի տնտեսության վրա որեւէ էական ազդեցություն չի թողնի. - «Մեր բանկային համակարգը այդ աստիճան չի ազդում տնտեսության վրա, այդ աստիճան մեծ դեր չունի տնտեսության մեջ, որ տոկոսադրույքի փոփոխությունը անմիջապես տնտեսական հետեւանքների բերի»:
Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, տնտեսությանը սպառնացող իրական վտանգը արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նվազման միտումն է, որը «խիստ բացասական» կերպով է անդրադառնալու Հայաստանի տնտեսության եւ հայաստանցիների սոցիալական վիճակի վրա:
«Անկեղծ խոսենք: Վատ է լինելու: Ինձ համար արդեն տեսանելի է դառնում 10-20 տոկոսանոց տնտեսական անկումը: Տնտեսական ճգնաժամի ծավալուն դրսեւորումները Հայաստանում կբացահայտվեն այս տարվա աշնանը, մյուս տարվա գարնանը», - կանխատեսեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը:
Բագրատ Ասատրյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի պետբյուջի հավանական կրճատման թեմային` նշելով, որ իշխանություններն ի վերջո ստիպված են լինելու վերանայել բյուջեի ծախսային մասը:
«Ես կարծում եմ, այո’, [բյուջեի ծախսային մասը կկրճատվի], որովհետեւ ակնհայտ է` այս տիպի ծախսային քաղաքականությամբ ոչ մի արդյունքի չեն հասնելու: Մանավանդ որ հրապարակումներ եղան նաեւ բյուջեի եկամուտների թերհավաքման մասով», - նշեց Ասատրյանը:
Տիգրան Ավետիսյան