Մատչելիության հղումներ

«7-ի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչեւ վաղը, VIDEO


Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «7-ի գործով» դատավարությունը` միայն մեկ ամբաստանյալի` Գրիգոր Ոսկերչյանի ներկայությամբ: Քանի որ վերջինիս պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարան չէր ներկայացել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց դատը հետաձգել մինչեւ վաղը:




Դատավորը հրապարակեց Ստեփան Ոսկանյանի դիմումը` գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ: Դիմումի համաձայն, Ոսկերչյանի պաշտպանը չէր ներկայացել, որովհետեւ մարտի 11-13-ը գտնվելու է Ախալցխայում եւ մասնակցելու է նախօրոք նշանակված այլ դատական նիստի: Մնացական Մարտիրոսյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ վաղը` մարտի 11-ը, որպեսզի այդ ընթացքում պաշտպանական կողմը ապահովի Ստեփան Ոսկանյանի ներկայությունը:

«Իմ պաշտպանը մի օրով չի գնում», - տարակուսեց Ոսկերչյանը, պնդելով, որ վաղվա դատական նիստին Ստեփան Ոսկանյանը նույնպես չի կարողանա ներկայանալ:

Չնայած Ոսկերչյանի եւ պաշտպան Հովիկ Արսենյանի հակաճառություններին, դատական նիստը մարտի 11-ին նշանակելու մասին որոշումը անփոփոխ մնաց:

Երեկ` մարտի 9-ին կայացած նիստին ամբաստանյալ Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճ չէր բերվել` առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, եւ նրա մասով գործի վարույթը կասեցվել էր:

Նույն նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը «անհարգալից վերաբերմունքի» համար դատարանի դահլիճից հեռացրել էր ամբաստանյալներից հինգին` Ալեքսանդր Արզումանյանին, Սուրեն Սիրունյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG