Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մի շարք կալանավորներ հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. - «Մենք, մեր ընկեր Շանթ Հարությունյանի առողջական վիճակին ականատես քաղբանտարկյալներս, այն գնահատում ենք որպես կրիտիկական վատ եւ պահանջում ենք մարտի 9-ին անհապաղ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերել: Հակառակ պարագայում, իրավիճակից ելնելով, կդիմենք աննախադեպ քայլերի»:
Շանթ Հարությունյանի առողջական վիճակը վատացել էր մեկ շաբաթ առաջ, երբ վերջինիս հարազատների տարածած տեղեկատվության համաձայն, նրան ննջելու պահին, առանց իր գիտության, փորձել էին դեղ ներարկել: Դրանից հետո Շանթ Հարությունյանը թերսնվում էր, որպեսզի չքնի` զգուշանալով նոր ներարկումներից:
Հարությունյանը հրաժարվում է կալանավայրի բժիշկների ծառայություններից, որովհետեւ նրանց չի վստահում: Նրա հետ շփվողները պնդում են, որ Հարությունյանը մտավոր առումով սթափ վիճակում է, սակայն թերսնման, անքնության եւ անհանգիստ վիճակի հետեւանքով գերհյուծված է:
Այդուհանդերձ, Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության համաձայն, մարտի 7-ին Շանթ Հարությունյանը հրաժարվել է բժշկական զննումից, ցուցաբերել է ագրեսիվ վարքագիծ, ինչը գնահատվել է որպես «հնարավոր հոգեկան խանգարում» եւ կալանավորը մեկուսացվել է, նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն:
Ռուբեն Մելոյան