Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «Դրամը ինքը արժեզրկվեց»


«Կենտրոնական բանկը միշտ նախկինում ասել է, թե «լողացող կուրսի» քաղաքականություն է տանում: Սահմանադրությամբ էլ, բոլոր տեսակի օրենքներով էլ, այլ որոշում չի կայացվել երբեք, որ քաղաքականությունը «լողացող» չէ», - ընդգծեց Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով երեքշաբթի օրը Կենտրոնական բանկի արած հայտարարությունը «լողացող փոխարժեքի» անցնելու մասին:

«Երբ դրամը արժեւորվում էր, Կենտրոնական բանկը ասում էր` «մենք ի՞նչ կապ ունենք սրա հետ», իբր` աշխատանքի արտադրողականությունն էր բարձրանում` դա առաջին բացատրությունն էր, իսկ երկրորդ բացատրությունը` թե «դրսից տրանֆերտներ կան, մենք ոչինչ չենք կարող անել, լողացող կուրս է, դրամը արժեւորվում է», - նշեց Բագրատյանը:

Նախկին վարչապետի կարծիքով, դրամի արժեզրկումից առաջ Կենտրոնական բանկի կողմից հարյուր միլիոնավոր դոլարի ներարկումները շուկա «իզուր» էին, եւ տեղի է ունեցել սպեկուլյացիա. - «Մոտ 700 միլիոն է վաճառվել այդպես, եւ այդ դրամական հոսքերը հիմնականում Ռուսաստան են գնացել»:

Մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի` հեռուստատեսությամբ տված պարզաբանումները, որ դրամի սահուն արժեզրկման չգնացին սպեկուլյանտների դեմ պայքարելու միտումով, Բագրատյանը հայտարարեց. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես ստում է: Կառավարության ներսում բոլորովին ուրիշ բան է տեղի ունենում»:

Նախկին վարչապետը հիշեցրեց, որ դեռ 2008 թվականի դեկտեմբերի վերջին Հայ ազգային կոնգրեսը եւ մասնավորապես ինքը կանխատեսել էին, որ փետրվար-ապրիլին տեղի կունենա դրամի առաջին փլուզումը. - «Իրենք դրամի կուրսը պահել են, որովհետեւ իրենց պետք էր էժան դոլար, ամենաէժանը դոլարը Հայաստանում էր: Բաց են թողել, այսինքն` համեմատաբար բաց են թողել այն ժամանակ, երբ այլեւս չէին կարող պահել: Հիմա էլ դրամը, ի դեպ, լողացող կուրս չի. իրենք ինտերվենցիաներ են անում` ավելի քիչ, քան առաջ: Մենք նաեւ ասել ենք Կոնգրեսում, որ մեկ տարվա ընթացքում կուրսը կկրկնապատկվի»:

Հրանտ Բագրատյանի պնդմամբ` ոչ թե կառավարությունն է գնացել դրամի արժեզրկման, այլ «դրամը ինքը արժեզրկվեց», ընդ որում` նա դրանում չի տեսնում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտադրանքը. - «Եթե կարողանային դիմանալ, կդիմանային: Էլ փող չտվեցին, էլ չկար փող, որ տային: Որովհետեւ Հայաստանը պետք է պահի երեք ամսվա ներմուծման պահուստ: Միջազգային հիմնադրամներն ասացին` «չենք թույլ տա դրանից ավել ծախսեք»: Այսինքն, 700 միլիոն դոլարից ավել թույլ չէին տալու ծախսել»:

«Արտահանողը շահե՞ց, թե՞ չշահեց [դրամի արժեզրկումից]», - այս հարցին նախկին վարչապետը արձագանքեց. - «Տվյալ դեպքում մի քիչ շահեց, բայց արտահանումը արդեն մեռած է, արդեն ուշ է: Ես ձեզ բերեմ օրինակներ` իրար հետեւից ինչ գործարաններ են փակվել: Անցյալ տարվա կեսին փակվեց Վանաձորի «Ավտոգենմաշ»-ը: 2003-2004 թվականներին այդ քաղաքականության հետեւանքով ամբողջությամբ սպանվեց ադամանդագործությունը, այնուհետեւ` ոսկերչությունը: Անցյալ տարի Lykos-ը փակվեց, հիմնական պատճառներից մեկը սա է` որովհետեւ անմրցունակ դուրս եկավ: Երբ որ Lycos-ը փակվել է, էլ չես հավաքի: «Ավտոգենմաշ»-ի սարքավորումները գուցե արդեն ապամոնտաժվել են»:

«Հայաստանի 2008 թվականի էքսպորտը կազմում է մոտավորապես կեսը 96 թվականի, Հայաստանը այդ մակարդակի վրա է: Այլ հարց է, որ հիմա մենք մի քիչ ավելի լավ ենք ապրում` ոչ թե մի քիչ, այլ զգալիորեն, որովհետեւ մինչեւ 3 միլիարդ դրսից փող էր գալիս, դրա շնորհիվ: Հիմա այդ փողը չի գալիս, հիմա տեսեք` ինչ կլինի երկրում», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Իսկ անհանգստանալու պատճառ կա՞` կապված սպառողական գների հնարավոր բարձրացման հետ: Այս կապակցությամբ նախկին վարչապետը հայտարարեց. - «Իհարկե կա: Ինձ հատկապես զարմացնում է [Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական] հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի ելույթը, պարզապես ապշեցնում է: Ասում է` «թույլ չենք տա գների թանկացում»: Հայաստանի Հանրապետության օրենքն ասում է, որ մեզ մոտ շուկա կա, շուկայական տնտեսություն է, ինչպե՞ս թե թույլ չես տա: Դա, ի դեպ, ցույց է տալիս շատ վտանգավոր բան. որ ոչ միայն դրամի փոխարժեքը շուկան չի որոշում, այլեւ ապրանքների գները շուկան չի որոշում: Իսկ ինչպե՞ս է որոշվում` իրենք են որոշում»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG