Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` ծրագիրը միտված է գլոբալ ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, ազգային արժույթի եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը եւ կարիքավոր խավերի պաշտպանությանը:
Ծրագրի հաստատման արդյունքում Հայաստանին անմիջապես հատկացվելու է 161.5 միլիոն ՍԴՌ (շուրջ 237 միլիոն դոլար), իսկ վարկի մնացած գումարը կտրամադրվի 9 մասնավճարներով` ըստ եռամսյակային դիտարկումների:
«Օժանդակության վարկը, կազմելով Հայաստանի բաժնեչափի շուրջ 400 տոկոսը, ԱՄՀ-ի միջոցներից օգտվելու բացառիկ հնարավորություն է: Այն հաստատվել է ԱՄՀ-ի Հատուկ ֆինանսավորման մեխանիզմների գծով արագացված ընթացակարգի համաձայն», - ասված է հաղորդագրությունում: - «Հայաստանի կառավարության ծրագիրը հիմնված է մի շարք հետեւողական միջոցառումների վրա, որոնք իրականացվում են փոխարժեքի, դրամավարկային, ֆինանսական եւ հարկաբյուջետային քաղաքականությունների գծով եւ շարունակական կառուցվածքային բարեփոխումների ծրագրի ներքո»:
Ծրագրի գերակայություններն են` վերադարձ ճկուն փոխարժեքային քաղաքականության, ֆինանսական հատվածի հզորացում` կայունություն եւ վստահություն ապահովելու նպատակով, մակրոտնտեսական կայունացման նպատակով հարկաբյուջետային գերակայությունների վերանայում:
Կանխատեսվում է, որ 2009 թվականին համախառն արտաքին ֆինանսավորման գծով Հայաստանի պահանջարկը կազմելու է մոտ 1.6 միլիարդ դոլար, ընդ որում` աճի միտումը որոշ դանդաղեցմամբ կպահպանվի մինչեւ 2011 թվականը: Աջակցության վարկը թույլ կտա 2009-2011 թվականների ընթացքում զգալիորեն կրճատել ֆինանսական ճեղքվածքը: Լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի նաեւ դոնոր կազմակերպությունների եւ միջազգային գործընկերների, այդ թվում` Համաշխարհային բանկի կողմից:
«Այն բանից հետո, երբ 2008 թվականի նոյեմբերին հաստատվեց ԱԿՏԱ սահմանափակ վարկային ծրագիրը, Հայաստանը ստիպված եղավ դիմակայել հարատեւական արտաքին ցնցումների: Համաշխարհային տնտեսական իրավիճակի վատթարացման հետեւանքով զգալիորեն կրճատվեց մասնավոր փոխանցումների եւ կապիտալի ներհոսքը, միեւնույն ժամանակ` միջազգային գների կտրուկ անկումը բացասաբար ազդեց ծանր արդյունաբերության արտադրության եւ արտահանման մակարդակի վրա: Միջազգային պահուստների արագ կրճատման եւ ֆինանսավորման աճող պակասուրդի պայմաններում Հայաստանի իշխանությունները դիմեցին ԱՄՀ-ին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն ստանալու համար», - ասել է, մասնավորապես, ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն եւ նախագահի պաշտոնակատար Մուրիլո Պորտուգալը:
«ԱՄՀ-ն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունները հետեւողական բնույթ են կրում եւ դրված են ամուր հիմքերի վրա», - հայտարարել է Պորտուգալը: