Մատչելիության հղումներ

Financial Times. «Օբաման երկընտրանքի առջեւ է»


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներկայումս կանգնած է երկընտրանքի առջեւ` կա’մ դրժել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը, կա’մ վտանգել ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ ԱՄՆ-ի երկարամյա կապերը պաշտպանության ոլորտում: Նման կարծիք են հայտնում Financial Times հեղինակավոր պարբերականի մեկնաբանները:

Անդրադառնալով ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նոր նախագիծ շրջանառության մեջ դնելու` հայամետ կոնգրեսականների նախաձեռնությանը, եւ ընդգծելով, որ Օբամայի կողմից իր նախընտրական խոստման իրականացումը ավելի մեծ ազդեցություն կունենա, քան նման բանաձեւի ընդունումը, հոդվածագիրները հիշեցնում են, որ 2007-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցվեց, երբ պաշտոնական Անկարան հարցականի տակ դրեց ԱՄՆ-ի կողմից Ինջիրլիքի ռազմակայանի հետագա օգտագործումը:

Հրապարակման հեղինակները առանցքային պահ են համարում ապրիլի 24-ը, երբ հայ ժողովուրդը նշելու է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եւ երբ Միացյալ Նահանգների նախագահը հանդես է գալու ամերիկահայությանը ուղղված ուղերձով: Ըստ թերթի` բանաձեւի կողմնակից կոնգրեսականները պատրաստվում են մինչ այդ ներկայացնել նախագիծը:

Կոնգրեսականների կարծիքով, վերջին շրջանում Թուրքիայի պահվածքը մեծացրել է բանաձեւի ընդունման հավանականությունը: Մասնավորապես, Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դատապարտումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից հարուցել է հրեական եւ իսրայելամետ կազմակերպությունների վրդովմունքը, որոնք 2007-ին ոչ բացահայտ սատարում էին Թուրքիային:

Թուրքիան, այդուհանդերձ, ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգների կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու համար: Մասնավորապես, այդ նպատակով Վաշինգտոնում է գտնվում թուրքական մի պատվիրակություն, եւ ակնկալվում է, որ հարցը կբարձրացվի նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ թուրք պաշտոնյաների` շաբաթ օրը Անկարայում կայանալիք հանդիպումների ժամանակ:

Financial Times-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը այս շաբաթ հայտարարել է, որ եթե պաշտոնական Վաշինգտոնը օգնություն խնդրի Իրաքից իր զորքերի դուրսբերման համար, Անկարայի մոտեցումը «դրական» կլինի: Միացյալ Նահանգները ձգտում է նաեւ Թուրքիայի ավելի մեծ աջակցությանը Աֆղանստանում:

ԱՄՆ-ի վարչակազմը, իր հերթին, շարունակում է կարեւորել Ինջիրլիքի ռազմակայանը Իրաքում իրականացվող գործողությունների համար:

«Ռազմաօդային ուժերի Ինջիրլիքի բազան միշտ եղել է կարեւոր տարանցիկ հանգույց», - հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում: «Սակայն ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ նրա մեկնաբանությունները շատ ավելի զգուշավոր էին, քան Բուշի վարչակազմի դատողությունները դրա դեմ», - նկատում է Financial Times-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG