Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպում են Հիլարի Քլինթոնն ու Սերգեյ Լավրովը


Այսօր Ժնեւում նախատեսված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Նախօրեին Բրյուսելում հանդիպելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների իր պաշտոնակիցներին` Հիլարի Քլինթոնն հայտարարել է, թե անհրաժեշտ է նոր ելակետից սկսել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Երեկ նա ասել է նաեւ, թե «ՆԱՏՕ-ն պետք է դռները բաց պահի եվրոպական այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Վրաստանն ու Ուկրաինան, որոնց հարկ է օգնել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու հարցում», եւ շեշտել, որ ՆԱՏՕ-ի անդամները երբեք չեն կարող ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

«Մենք կարող ենք եւ պարտավոր ենք գտնել Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանք սկսելու ուղիներ այն բնագավառներում, որտեղ ունենք ընդհանուր շահեր», - հայտարարել է պետքարտուղարը եւ թվարկել. - «Դրանք են` Աֆղանստանի ժողովրդին ցուցաբերվող օգնությունը, սպառազինությունները վերահսկելու եւ դրանց տարածումը կանխելու անհրաժեշտությունը, ծովահենության եւ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարը, Իրանից եւ Հյուսիսային Կորեայից բխող հնարավոր սպառնալիքների վնասազերծումը»:

Մոսկվայում բարձր են գնահատել երեկ Բրյուսելում պետքարտուղարի հայտնած տեսակետները: «Կարծում ենք, սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Վերջապես բանականությունը հաղթանակեց», - ասել է արտգործնախարարության խոսնակ Իգոր Լյակին-Ֆրոլովը:

Այսօր Ժնեւում Հիլարի Քլինթոնը եւ Սերգեյ Լավրովը առաջին անգամ են հանդիպելու որպես միջուկային երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG