Մատչելիության հղումներ

«Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը Հայաստանի վարկային հեռանկարը «կայուն» է գնահատում


«Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը այսօր տարածած հաղորդագրությունում նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 540 միլիոն դոլար կազմող վարկի տրամադրումը Հայաստանին կնպաստի երկրի ֆինանսական վարկանիշին:

Ներկայումս Հայաստանի սուվերեն վարկանիշը արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների գծով «BB» է` «կայուն» հեռանկարով:

«Ֆիթչի» սուվերեն վարկանիշների գծով վերլուծական խմբի տնօրեն Էնդրյու Կոլխաունը նշել է, որ փոքր եւ համեմատաբար փակ տնտեսություն ունեցող Հայաստանը չի խուսափել համաշխարհային վարկային ճգնաժամից, քանի որ Ռուսաստանի տնտեսական անկման արդյունքում զգալիորեն նվազել է դրամական փոխանցումների եւ ներդրումների ներհոսքը:

«Հայաստանի որոշումը` դիմել ԱՄՀ-ի աջակցությանը եւ թույլ տալ ազգային արժույթի առավել ազատ լողացող ռեժիմ, ողջունելի ազդանշան է ներկայիս դժվարությունները հաղթահարելու` իշխանությունների զգուշավոր մոտեցման մասին», - ասել է Կոլխաունը:

Հայաստանը դիմել էր ԱՄՀ-ի օգնությանը, երբ երկրի պաշտոնական պահուստները նվազել էին 24%-ով եւ 2009 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել 1,26 մլրդ դոլար` 2007-ի վերջի 1.66 մլրդ դոլարի համեմատ:

Հայաստանի կենտրոնական բանկը 2008 թվականի ընթացքում ծախսել էր շուրջ 360 մլն դոլար` դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կայուն պահելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG