Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Առաջին հերթին իշխանություններն են պատասխանատու համերաշխության մթնոլորտի ձեւավորման համար»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարեց, թե կառավարությունն ու իշխանություններն են «առաջին հերթին պատասխանատու համագործակցության, համերաշխության մթնոլորտի համար»:

«Այն պարզ պատճառով, որ մենք ունենք լուրջ պետական լծակներ` ձեւավորելու այդ մթնոլորտը», - պարզաբանեց նա:

Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետը հիշեցրեց, որ այսօր Ազգային հերոս, պետական եւ քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանը կդառնար 50 տարեկան. - «Այսօր մի պահ, երեւի թե, խորհելու տեղ կա. արդյո՞ք մենք քաղել ենք դասեր Վազգեն Սարգսյանի եւ նրա հետ զոհված մեր ընկերների մահից հետո: Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ անհանդուրժողականությունը, ատելությունը, չարությունը նոր հող են նախապատրաստում նոր սպանությունների համար: Արդյո՞ք մենք զգում ենք մեզ պատասխանատու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ձեւավորենք հանդուրժողականության մթնոլորտ»:

Վարչապետի խոսքով, անհրաժեշտ է, որ լինի քննադատություն, խոսքի ազատություն, որպեսզի կառավարությունը կարողանա կողքից տեսնել եւ բացահայտել իր սխալներն ու թերությունները. - «Բայց երբ այդ քննադատությունը անցնում է բոլոր սահմանները, երբ մենք բացում ենք թերթերը եւ տեսնում ենք այնտեղ ոչ թե քննադատություն, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ` վիրավորել անձին, մենք հասկանում ենք, որ դեռեւս շատ անելիք ունենք»:

Տիգրան Սարգսյանը չբացառեց նոր սպանությունները` «եթե չկարողանանք այս մթնոլորտը արմատականորեն փոխել»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG