Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան, գրում է. - «Ժողովուրդը կարողացել է ազատագրել Արցախը, մենք ունենք մարտունակ եւ ժամանակակից բանակ: Եթե այդ փաստերն ընդունենք որպես առաջնահերթություն, ապա Վազգեն Սարգսյանն արժանի է միայն մեծարման, եւ նրան պետք է ընդունել որպես մեր ժողովրդին արտակարգ ծառայություններ մատուցած պանծալի զավակ: Իհարկե, այդ ամենը հասկանալով հանդերձ, հնարավոր չէ աչքերը փակել բացասականի վրա: Այն համակարգը, որը գոյություն ունի այսօր եւ որտեղ տիրում է զորբայությունը, բիրտ ուժը, անպատժելիությունը, իսկ մյուս կողմից` քծնանքն ու ստորաքարշությունը, ստեղծվել է նաեւ Վազգենի ջանքերով»:

«Հայոց Աշխարհ»-ը ենթադրում է ճգնաժամի պայմաններում իշխանությունների բնական վարքագիծը. - «Ինչպե՞ս պիտի պահի իրեն իշխանությունը ճգնաժամի պայմաններում։ Ընդունի կոշտ որոշումնե՞ր։ Պաշտոններից հեռացնի ապաշնորհ եւ հանձնարարված գործը տապալած չինովնիկների՞ն։ Գտնի մարդկանց, որոնք կկարողանան նոր, դժվարին հանգամանքներում գնալ համարձակ լուծումների՞։ Ի դեպ, այն բանից հետո, երբ մեզ էլ հասավ համաշխարհային ճգնաժամը, չի փոխվել ոչ մի նախարար, այնինչ նրանցից շատերը նոր պայմաններում ակնհայտորեն «չեն ձգում»։ Ճգնաժամի պայմաններում պետք է նշանակել ուրիշների։ Քանի դեռ հազում ես, բուժվում ես թերապեւտի մոտ, բայց եթե փտախտ է սկսվել, անհրաժեշտ է վիրաբույժ։ Թերապեւտները չեն կարողանում վիրահատել։ Իսկ մերոնք, ուրեմն, ե՛ւ թերապեւտներ են, ե՛ւ վիրաբույժնե՞ր։ Թե՞ էքստրասենսներ։ Հմայախոսությամբ բուժում են բոլոր հիվանդությունները»։

«Առավոտ»-ի հետ զրույցում կառավարման մասին իր մեկնաբանություններն է տալիս «Բարգավաճ Հայաստան»-ից Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Լրագրողը հարցնում է. - «Ըստ որոշ կանխատեսումների, սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում կարող է հասնել 1993 թվականի իրավիճակին. դուք այս չարագուշակ կանխատեսումների իրականացումը հնարավոր համարո՞ւմ եք»։ Պատգամավորը պատասխանում է. - «Վիճակների նկարագրության առումով չեմ կարող պնդել, թե լրիվ նմանություն կլինի, բայց որոշակի վերապահումներով՝ այո, հենց այդպես էլ կլինի։ Բոլոր երկրներում էլ կառավարման հիմնական պայմանը հետեւյալն է, որ տվյալ երկրում ապրող բնակչությունը պետք է սոցիալական ցնցումներից զերծ լինի, իսկ սոցիալական ցնցումները, ըստ էության եւ ամենայն հավանականությամբ, կարող են բերել անկանխատեսելի հետեւանքների։ Հիմա մենք ուզում ենք, թե չէ, բայց հասկանում ենք, որ այո, հանրապետությունում առկա է խուճապային իրավիճակ, եւ բնակչությանը չես կարող որեւէ միջոցով հանգստացնել։ Կարծում եմ, որ սա հղի է հետեւանքներով, իսկ հետեւանքները, որպես մեր երկրի քաղաքացի, ես չէի ուզենա, որ լինեին ահավոր»։ «Սրա վերաբերյալ կուզենայի երկու միտք արտահայտել. եթե կառավարումը շարունակվի նույն կերպ, ապա այս վիճակի տեւողությունը կորցնում է իր դերը, փոքր տատանումներից հետո նորից նույն երեւույթը կկրկնվի», - եզրափակում է Վարդան Բոստանջյանը։

«Հրապարակ»-ը մեկնաբանում է նոր քաղաքապետի նշանակումը. - «Երեւանցիների հիշողության մեջ թարմ են 2002-ի համայնքային ընտրությունները, երբ Քոչարյանի իշխանությունը ՀՀՇ-ի նախագահ Արարատ Զուրաբյանին Կենտրոնի թաղապետարանից դուրս մղելը հռչակեց գերխնդիր եւ այս խնդրի լուծման միակ ճանապարհը տեսավ Գագիկ Բեգլարյանին այս պաշտոնում կարգելու մեջ: Վերջինս, որպես այս թաղի բնակիչ, մոբիլիզացրեց իր շրջապատը եւ իշխանության աջակցությամբ, ուժի ու փողի գործադրմամբ, զենքով ու զորքով զավթեց Երեւանի գլխավոր համայնքի ղեկավարի աթոռը: Այսօր մենք բոլորս քաղում ենք 2002-ին մեր կատարած «ընտրության» պտուղները: Այն ժամանակ մենք` երեւանցիներս, մարսեցինք ու հաշտվեցինք այս իրողության հետ` հարթելով Բեգլարյանի ճանապարհը դեպի Երեւանի քաղաքապետարան: Մարդ, որին ժամանակին չէինք պատկերացնում թաղապետարանում, այժմ ստիպված ենք պատկերացնել քաղաքապետարանում: Դժվար է ասել, թե ինչ չափանիշներով է առաջնորդվել իշխող կուսակցությունը եւ երկրի ղեկավարը` նրան նշանակելիս»:

«ժամանակ»-ն իր խմբագրականում հայ-ռուսական զուգահեռներ է քննարկում. - «Ավտորիտար, օլիգարխիկ-կրիմինալ համակարգերն ունեն իրենց «օրենքները», որոնք, թերեւս, անհասկանալի են սովորական մահկանացուներիս համար, սակայն ապահովում են նույն այդ ռեժիմների կայունությունը: Ասենք` կարեւոր է համարվում քաղաքականության շարունակելիությունը, «խաղի կանոնների» պահպանումը, երբ փոխվում է համակարգի առաջին դեմքը: Օրինակ` Ռուսաստանում շատ արդիական է այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ է ղեկավարում երկիրը. նախագահի պաշտոնը զբաղեցնող Մեդվեդե՞ւը, թե՞ վարչապետ Պուտինը, որի ազդեցությունը պետական ապարատի եւ հասարակական գործընթացի վրա ավելին է, քան ֆորմալ առումով ենթադրում է նրա այսօրվա պաշտոնը: Գրեթե նույն իրավիճակն է Հայաստանում. նախագահը, կարծես թե, նոր մարդ է, սակայն` Քոչարյանի ստեղծած համակարգով, նրա քաղաքականության շարունակելիությամբ: Օրինակները բազմաթիվ են, սակայն Քոչարյան - Սարգսյան զույգին առավելապես միավորում է նույն հայացքը մարտի 1-ի իրադարձություններին: Եթե շարունակում են անազատության մեջ մնալ անմեղ մարդիկ, իսկ սպանդի իրական կազմակերպիչները վայելում են ազատության քաղցրությունը, ավելին` անհոգ թրեւ են գալիս իշխանության միջանցներում, ուրեմն գործ ունենք նույն արատավոր իշխանության հետ»:

«Ազգ»-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Բաքվի իշխանությունները համաձայն չեն, որ թուրքական «Բաժանում» վերնագրով ֆիլմից որոշ հատվածներ նկարահանվեն Ադրբեջանում. - «Նման ձեւով ադրբեջանական կողմն իր բողոքն է արտահայտում այն առնչությամբ, որ ֆիլմից որոշ հատվածներ էլ պետք է նկարահանվեն Երեւանում: «Կամ չեղյալ հայտարարեք Հայաստանում իրականացվելիք նկարահանումները, կամ այստեղ դուք չեք կարող որեւէ բան նկարահանել». այսպիսի պատասխան է ստացել Բաքվում ֆիլմի նկարահանումների թույլտվությանը սպասող թուրքական կողմը: «Բաժանում» ֆիլմի նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի հանրային հեռուստատեսությանը (TRT): Ըստ թուրքական կողմի, ֆիլմի նպատակն է` նպաստել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ առկա թշնամանքի վերացմանը»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG