45-ամյա Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի թաղապետն էր 2002 թվականից: Այդ պաշտոնում նա վերընտրվել էր 2005 եւ 2008 թվականներին: Բեգլարյանը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:
Անցած շաբաթավերջին ՀՀԿ-ի խորհրդի նիստը հաստատել է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է Բեգլարյանը, ինչը նշանակում է, որ եթե ընտրություններում ՀՀԿ-ն ստանա ընտրողների ձայների կեսից ավելին, նա կդառնա Երեւանի քաղաքապետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի եւ համայնքների ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ քաղաքապետին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, նշելով, որ վերջին 6 տարիների ընթացքում զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը` նա մեծ աշխատանք է կատարել, եւ «այսօրվա Երեւանը բնավ չի կարելի համեմատել 2003թվականի Երեւանի հետ»:
Սերժ Սարգսյանի համոզմամբ` նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարողանալու է թարմություն մտցնել քաղաքապետարանի աշխատանքում եւ այն փորձը, որ նա ձեռք է բերել` աշխատելով Կենտրոն համայնքում, ծառայեցնել ընդհանուր նպատակներին:
Երեւանը մեկ համայնք դարձնելու վերաբերյալ մի քանի տարի առաջ ընդունած որոշումը գնահատելով ճիշտ, Սերժ Սարգսյանն ասել է. - «Մեր աշխատանքով պետք է այնպես անենք, որ չվարկաբեկենք այս գաղափարը, որը հաջողությամբ իրագործվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում եւ կարող է նույն հաջողությամբ ծառայել մեր համաքաղաքացիներին»:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Գագիկ Բեգլարյանն ասել է, որ իր նկատմամբ դրսեւորված վստահությունը պարտավորեցնող է, եւ հավաստացրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը` թեթեւացնելու Երեւանի եւ երեւանցիների հոգսերը:
Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, Բեգլարյանի նշանակումը ավելի շատ կապված է արդեն նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ անվստահությամբ:
«Ամենայն հավանականությամբ, իրար մեջ անվստահություն կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը: - «Կասկածներ, երեւի, կար իրենց մոտ, որ Երվանդ Զախարյանը, եթե մնար քաղաքապետ, ավելի վատ կաշխատեր: Այսօր քաղաքապետի ամբողջ լծակները տրամադրում են իրենց թեկնածուին»:
Վահագն Խաչատրյանի համոզմամբ, Գագիկ Բեգլարյանը պետք է քաղաքապետի ընտրություններին մասնակցեր որպես թաղապետ:
«Բոլոր ընտրություններում իշխանությունը պետական միջոցները ծախսել է իր նախընտրական ամբողջ աշխատանքները կազմակերպելու համար: Հիմա հնարավորություն կտան Գագիկ Բեգլարյանին ամբողջ քաղաքապետարանի ռեսուրսը օգտագործել իր նախընտրական քարոզչության համար», - հավելեց մայրաքաղաքի նախկին քաղաքապետը:
Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմության վերը հիշատակված մտավախություններին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքեց. - «Ցանկացած ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը մշտապես կողմնակից է եղել քարոզարշավը իրականացնել միայն ու միայն օրենսդրության սահմաններում»:
Հարցին, թե ինչն էր նման շտապողականության [Բեգլարյանին քաղաքապետ նշանակելու հարցում] պատճառը, Շարմազանովը հակադարձեց, թե որոշումն ամենեւին էլ հապճեպ չէր. - «Մենք շատ լուրջ հավակնություններ ունենք, եւ գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Գագիկ Բեգլարյանը կընտրվի Երեւանի քաղաքապետ»:
Կոալիցիային մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը Երեւանի նոր քաղաքապետ նշանակման կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Քաղաքապետի ազատումը եւ նշանակումը նախագահի իրավունքն է եւ մեր մեկնաբանության ենթակա չէ»:
«Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գնալու է ընտրություններին սեփական թեկնածուով եւ բարձր տրամադրությամբ», - շարունակեց Մհերյանը` հավելելով, որ իրենց թեկնածուի առումով «քննարկումը դեռ չի ավարտվել»:
Ընդդիմադիր «Ժառանություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Գագիկ Բեգլարյանի նշանակումը «հնարավորություն կտա օգտագործել վարչական ռեսուրսը»:
Հովհաննես Շողիկյան
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)