«Առանց պատշաճ իրավաբանական օգնության տվել եմ ցուցմունք այն մասին, որ ես վիրավորվել եմ այդ դեպքերի ժամանակ եւ իմ վրա, իբր, կրակոցը չի եղել ոստիկանների կողմից: Իբր թե` ոստիկանները զինված չեն եղել հրազենով: Այսպիսով մեղքի սլաքն ուղղել եմ ժողովրդավարության համար պայքարող իմ ընկերների վրա», - իր խոսքում ասաց Ռոբերտ Բաղդասարյանը:
«Ափսոսում եմ պահի տակ տրված ցուցմունքիս համար եւ հայցում եմ 7 հերոսական անձնավորությունների եւ բոլոր քաղբանտարկյալների ներողամտությունը եւ այս պահից սկսած պատրաստ եմ կիսել 7-ի դեմ առաջարկված ապօրինի եւ շինծու մեղադրանքը», - ասաց տուժողը:
«Կրկին հայտնում եմ, որ անձինք, ում կրակոցից ես վիրավորվել եմ` ոստիկաններ են», - հայտարարեց Ռոբերտ Բաղդասարյանը:
Բաղդասարյանի հայտարարությանից հետո դատարանի դահլիճում աղմուկ սկսվեց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը «անհարգալից վերաբերմունքի համար» դահլիճից 4 օրով հեռացրեց մեղադրյալ Շանթ Հարությունյանին, Ալեքսանդր Արզումանյանին եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ մարտի 9-ը:
«7-ի գործը» Երեւանի քրեական դատարանի լուծարման հետեւանքով տեղափոխվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
Այսօրվա դատական նիստի ընթացքում 7 ամբաստանյալները կրկին ոտքի կանգնած մնացին, սակայն այդ հանգամանքը դատավոր Մնացական Մարտիրոսյանին չխանգարեց շարունակել դատական նիստը:
Տաթեւիկ Լազարյան