Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով երեկ Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված խուճապային իրավիճակին, հարց է բարձրացնում. - «Եթե Կենտրոնական բանկը ուներ սահմանափակ քանակով դոլարներ, որոնք վաճառում էր` դրամի կուրսը կայուն պահելու համար, ապա ի՞նչն էր նրան խանգարում այդ դոլարները վաճառել նախապես կազմած գրաֆիկով` այնպես, որ դրամը արժեզրկվի օրը 50 լումայով, ոչ թե մեկ օրում` 50-60 դրամով` առաջացնելով այս անառողջ ու անիմաստ աժիոտաժը: Թե՞ սպասում էին` մինչեւ մարտի 1-ի հանրահավաքը անցնի-գնա: Եթե ես, տնտեսագիտությունից հեռու լինելով, դեռեւս աշնանը հասկանում էի, որ դրամը «սուզվելու է», ապա դա հաստատ գիտեին մեր կառավարության նշանավոր տնտեսագետները: Ի՞նչն էր խանգարում նրանց չկազմել «ամբիցիոզ» բյուջե կամ գոնե այս տարվա սկզբին այդ բյուջեն վերանայել: Ինչի՞ համար էր պետք խոսել աշխարհացունց ծրագրերի մասին, եթե պարզ էր, որ մոտակա 2-3 տարում մենք կրկին ստիպված ենք լինելու լուծել գոյատեւման խնդիրներ: Ի վերջո, ցանկացած, այդ թվում` ֆինանսական կայունության հիմքը վստահությունն է` նախեւառաջ, իշխանությունների գործողությունների նկատմամբ: Եթե իշխանավորները ցանկանում են շարունակել իշխել (հաստատ ցանկանում են), նրանք պետք է վերջապես սթափվեն»:

«Ազգ»-ը անդրադառնում է տնտեսական ճգնաժամին. - «Երեկ փաստորեն Հայաստանի Կենտրոնական բանկն արեց այն, ինչը, եթե, այնուամենայնիվ, պետք է աներ, հարկ է, որ ավելի նախապատրաստված ու քայլ առ քայլ աներ: Կենտրոնական բանկը գնաց իրադարձությունների հետեւից` ընդառաջ գնալով դեռ անցած շաբաթավերջին նկատի դոլարի •ների խուճապային միտումներին եւ «լողացող» դարձրեց դոլարի արժեքը: Սա, եթե մեկ-երկու օրում չկարգավորվի, կարող է շղթայական ռեակցիայով բերել բազմաթիվ ծառայությունների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը, եւ բնակչության չիրազեկվածությունը կարող է է'լ ավելի սրել իրավիճակը: Վերլուծաբաններ կան, որ լրջորեն հավատացած են, որ ընդդիմադիր մամուլն այս բոլորում ունի իր մեղքի բաժինը` ֆոն ստեղծելով խուճապային տրամադրությունների համար: Եվ անգամ Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած ելույթի տնտեսական հատվածն էլ է նպաստել այդ խուճապի մեծացմանը»:

Նույն առթիվ «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Այն, ինչ կատարվեց երեկ, երկու հիմնական բաղադրիչ ունի. հիմարություն եւ հանցագործություն: Մեծ հաշվով` դրամի փոխարժեքը «լողացող դարձնելը ճիշտ որոշում էր, բայց համաձայնվեք` ձեւը նույնպես կարեւոր է... Վերջին հաշվով` միայն կատարյալ ապուշներն են ընտրում ներքեւում հայտնվելու ամենակարճ ճանապարհը, եւ ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները հենց այդ ճանապարհն ընտրեցին: Արդյունքում Հայաստանի տնտեսությունը հայտնվեց «համապատասխան վիճակում»: Այլ հարց է, որ երեկ ընդամենը դրա «դխկոցը» լսվեց հետեւանքները շատ ավելի ծանր եւ անդառնալի են լինելու: Ինչո՞ւ իշխանությունները ավելի վաղ չէին «ազատ արձակում» հայկական դրամը: Պատասխանը միանշանակ է` որովհետեւ նրանք ահավոր վախենում էին դրա սոցիալական հետեւանքներից, մանավանդ` մարտի 1-ի հանրահավաքից, դրա համար էլ մի կերպ դիմացան, սպասեցին մինչեւ հանրահավաքը եւ հենց հաջորդ օրը հանձնվեցին»:

Խնդրի PR կոմպոնենտն էլ մեկնաբանում է lragir.am-ը. - «Թեեւ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի կառավարությունն ունի հակաճգնաժամային ծրագիր, այդուհանդերձ, թերեւս կան բավարար հիմքեր ասելու համար, որ այդպիսի ծրագիր պարզապես գոյություն չունի։ Հենց միայն փոխարժեքի քաղաքականության հետ կապված իրողությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունը որոշումներ կայացնում է պահի ազդեցության տակ, առանց հեռանկարային լուրջ հաշվարկի։ Հետաքրքրականն այն է, որ այն ընթացքում, երբ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում, եւ հատկապես մայրաքաղաք Երեւանում իսկական խուճապ էր, որը կարծես թե կարելի էր համեմատել պատերազմական կամ նախապատերազմական իրողության հետ, երբ մարդիկ չգիտեին ինչ է կատարվում, ինչ է կատարվելու, ինչ են իրենք կորցնելու, ինչ են շահելու, ահա հենց այդ ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում էր շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ եւ քննարկում շախմատի զարգացման հեռանկարներն ու Հայաստանում շախմատի տուն կամ պալատ կառուցելու գաղափարը։ Մյուս կողմից, Հայաստանի իշխանության այդ պահվածքը միանգամայն ռացիոնալ է եւ ազնիվ։ Ինչ պետք է ասի իշխանությունը քաղաքացիներին։ Իշխանությունը շատ էլ լավ գիտե, թե քաղաքացիների մոտ ինչ արժեք ունի իր խոսքը։ Ավելի շուտ լավ էլ գիտե, որ իր խոսքը քաղաքացիների մոտ ոչ մի արժեք էլ չունի։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է շախմատի հարցեր քննարկել»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է դառնում հայ-թուրքական սահմանի բացումը` տնտեսական գլոբալ փլուզումից խուսափելու համար: Իսկ սահմանի բացման հարցը լուծելուց առաջ Թուրքիան Հայաստանին ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային սեղանը: Չնայած ինքը` Թուրքիան էլ հեշտ վիճակում չի գտնվում եւ փորձում է ամեն ինչ անել ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անհնարին դարձնելու համար: Ու այն, որ արտաքին գործերի նախարար Նալբանդյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Բաբաջանին Հայաստանի է հրավիրում ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ, մի տեսակ կասկածելի է դարձնում ամեն ինչ: Իշխանությունները չեն կարող չհասկանալ, որ այդօրինակ այցը ԱՄՆ-ի համար եւս մեկ փաստարկ է դառնալու, որ Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը այնքան էլ լավ գաղափար չէ: Բաբաջանին ուղղված Նալբանդյանի հրավերը կարող է շատ լուրջ եւ ուժեղ քայլ համարվել` եթե մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան հայտարարի Հայաստանի հետ իր սահմանը բացելու որոշման մասին»:

Նույն հարցի վերավերյալ «Հայոց Աշխարհ»-ը մեկնաբանում է. - «Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մեծ առեւտուր սկսած Թուրքիան փորձում է իրականություն դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչումը խափանելու, միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մի բարդ, հիրավի սատանայական ծրագիր։ Անկարան հասկացել է, որ Հայաստանի հետ իր սահմանները չբացելու պարագայում Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է։ Նկատի ունենալով այս հանգամանքը, Թուրքիան նախապատրաստել է հայ-թուրքական սահմանի բացումը Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների վերադարձի հետ շաղկապելու ծրագիր, որը Ադրբեջանի «ձեռքով» մատուցել է նաեւ Ռուսաստանին»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG