Մատչելիության հղումներ

Անջեյ Կասպրչիկը դժվարանում է մատնանշել փետրվարի 26-ի միջադեպի մեղավորին


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վերջին մոնիտորինգի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել է ռազմական փորձագետների հետ եւ զեկույց է պատրաստում: Այդ մասին նա լրագրողներին հայտնեց անցած շաբաթավերջին Ստեփանակերտում, ուր ժամանել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

ԵԱՀԿ-ի առաքելության կողմից իրականացվող հերթական մոնիտորինգը փետրվարի 26-ին խափանվել էր` կրակոցների պատճառով: Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մոտակայքում նախատեսված մոնիտորինգի հենց սկզբից ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող ԵԱՀԿ-ի առաքելության, Ղարաբաղի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների ուղղությամբ: Դրանից հետո ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կարգադրել էր դադարեցնել մոնիտորինգը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե կրակոցները հնչել էին հայկական կողմից:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Անջեյ Կասպրչիկը նշեց, որ միջադեպը բավական լուրջ էր, մինչդեռ նման բան ընդհանրապես չպետք է լինի, քանի որ դրանից տուժում են երկու կողմերի զինծառայողները, հատկապես հաշվի առնելով, որ զինադադար է:

«Լուրջ է նաեւ այն առումով, որ միջադեպը եղել է հենց իմ դիտարկման ժամանակ, երբ երկու կողմերը երաշխավորում են, որ ոչ մի կրակոց չի լինելու», - ընդգծեց Կասպրչիկը եւ հավելեց. - «Այդ հարցը կքննարկվի բարձրաստիճան զինվորականների հետ, եւ կպարզվի տեղի ունեցածը»:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել հարցին, թե ով է միջադեպի համար մեղավոր, քանի որ, ըստ նրա, խրամատներում դժվար է կողմնորոշվել, թե ով է իրականում կրակել եւ որտեղից. - «Եթե որեւէ մեկի ձեռքից չենք բռնել, եթե չի եղել քննություն, որ կողմերից մեկը իր վրա վերցներ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար, ապացույցներ ստանալը գործնականում անհնար է»:

Կասպրչիկի խոսքերով` միջադեպի չկրկնվելու երաշխիք չկա, սակայն պետք է անել ամեն հնարավորը այդպիսիք բացառելու համար:

Անդրադառնալով դիպուկահարների` սահմանից հետ քաշելու հարցին, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ասաց, որ հարցը դեռեւս քննարկման փուլում է, եւ հույս հայտնեց, որ բոլորի կողմից էլ կլինեն դրական արձագանքներ:

Անջեյ Կասպրչիկը տեղեկացրեց, որ հաջորդ մոնիտորինգը կանցկացվի մարտի առաջին կեսին:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG