Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, բացելով հանրահավաքը, թվարկեց մարտի 1-ի 10 զոհերի անունները, եւ հանրահավաքի մասնակիցները, բռունցքները վեր պարզած, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքում միակ ելույթն էր:
Հանրահավաքին հաջորդեց երթ` Մաշտոցի պողոտա - Գրիգոր Լուսավորիչ պողոտա - Մյասնիկյանի արձան - Իտալիայի փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա երթուղով:
Հազարավոր մարդիկ մասնակցեցին երթին, որի առաջին շարքերում քայլում էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Երթը ուղեկցվում էր երգերով ու «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Միացում» եւ այլ վանկարկումներով:
Ոստիկանները ուղեկցում էին երթը: Միջադեպեր գրեթե չկային. միայն երթի սկզբում, երբ առաջին շարքերը հասել էին Մաշտոց - Սայաթ-Նովա խաչմերուկին, իսկ ետեւի շարքերը դեռ չէին շարժվել Մատենադարանի մոտից, փոքր միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Այնուհետեւ երթի մասնակիցները ուղղվեցին դեպի Հյուսիսային պողոտա: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հյուսիսային պողոտայում չմնաց. նա որդու ուղեկցությամբ քայլեց դեպի Մաշտոցի պողոտա, որտեղից մեքենայով հեռացավ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «միանշանակ դրական» գնահատեց տեւական դադարից հետո կայացած առաջին հանրահավաքը:
«Խնդիրը ոչ միայն մարդկանց մասնակցության քանակն էր, այլեւ ոգին: Նաեւ հիացած եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով. կարծում եմ, այդ ելույթը ցույց տվեց, որ Հայ ազգային կոնգրեսը եւ նրա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի լուրջ ու շատ ավելի ըմբռնումով են մոտենում երկրի առաջ ծառացած խնդիրներին, քան իշխանությունները, որոնք դրա համար աշխատավարձ են ստանում: Ռեալ իշխանության, իշխանավորի ելույթ էր, պետության իրական տիրոջ ելույթ էր: Չկար սուտ, ամեն ինչ անկեղծ էր: Իսկ ժողովուրդը այս իշխանություններից միայն անկեղծություն է պահանջում, ինչը իրենք չեն կարողանում», - հայտարարեց Արամ Սարգսյանը:
Ըստ ոստիկանության գնահատականների` հանրահավաքի մասնակիցների թիվը 5-6 հազար էր: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ հանրահավաքին մասնակցում էր 50 հազարից ավելի մարդ:
Մինչ հանրահավաքը ոստիկանները փորձում էին խոչընդոտել մարդկանց հոսքը դեպի Մատենադարանի հարթակ, սակայն դիմադրության հանդիպեցին եւ ի վերջո տեղի տվեցին:
Կան բողոքներ, եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներն էլ ականատես են եղել մի շարք դեպքերի, երբ մարզերից դեպի Երեւան տրանսպորտի երթեւեկությունը այսօր առավոտվանից արգելվել կամ սահմանափակվել է` տարբեր պատճառաբանություններով: Մասնավորապես, ոստիկանության մայոր Ավդալյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե օպերատիվ միջոցառում են անցկացնում, ստուգում են բոլոր ավտոմեքենաների բեռնախցիկները, փնտրում են թմրանյութ, զենք-զինամթերք, հետախուզվող անձ:
Լոռու մարզում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ` Վանաձոր - Երեւան ուղերթ իրականացնող առաջին երթուղային տաքսին այսօր դուրս է եկել ժամը 15:40:
Անուշ Մարտիրոսյան, Կարինե Քալանթարյան եւ Ռուբեն Մելոյան, Երեւան, Կարինե Սիմոնյան, Վանաձոր, Սաթենիկ Վանցյան, Գյումրի
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)