Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը տեղեկացնում է, որ երեկ առավոտյան «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում վաճառվել է շուրջ 40 միլիոն դոլար, որի վաճառքի գործարքները ժամը 11:30-ի սահմաններում չեղյալ են հայտարարվել. - «Ֆոնդային բորսայում արդեն կատարված գործարքը չեղյալ հայտարարելու պրակտիկա աշխարհում գոյություն չունի ու, ինչպեսեւ կարելի էր սպասել, երեկ պաշտոնապես այս տեղեկությունը հերքվել է», - գրում է թերթը` հավելելով, որ Կենտրոնական բանկի ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը ասել է, թե «տեխնիկական անսարքության պատճառով ժամը 11:30-ի սահմաններում բորսայում առեւտուրը կասեցվել է եւ վերականգնվել է ժամը 13:00-ին մոտ` անսարքությունը վերացնելուց հետո»: «Նման դեպքեր նախկինում էլ եղել են, երբ անսարքության պատճառով ընդմիջում է հայտարարվել: Դա նորմալ պրոցեդուրա է», - ասել է Նախշիկյանը` հերքելով նաեւ գործարքի ծավալի` 40 միլիոն դոլարի մասին տեղեկությունը:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Այսպիսով, միջազգային մակարդակով արձանագրվեց, որ Հայաստանի տնտեսությունը ծանր հիվանդ է: Երեկ Համաշխարհային բանկը որոշել է շտապ օգնություն տրամադրել երկու երկրների` Հայաստանին եւ Կոնգոյին: Կարծում ենք` չարժե որեւէ մեկին բացատրել, որ սովորաբար շտապ օգնությունն անհրաժեշտ է լինում ծանր վիճակում հայտնվածներին: Բանն այնտեղ է հասել, որ տարադրամի փոխանակման կետերն արդեն նույնիսկ հարյուր դոլար վաճառելու համար անձնագիր են պահանջում, բանկերում խուճապ է, իսկ Սերժ Սարգսյանն անձամբ է հանդիպում ինչ-որ կազմակերպության ղեկավարի ու խնդրում աշխատատեղեր չփակել: Եվ պատկերացրեք` այս պայմաններում իշխանություններն առանց աչք թարթելու բարձրացնում են գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի սակագները, ներմուծման հարկերն են ավելացնում, ՀԴՄ-ներ են պարտադրում եւ այլն»: «Իսկ ինչպիսի՞ն է լինելու ժողովրդի վիճակը երկու-երեք ամիս հետո», - շարունակում է թերթը: - «Հայաստանի գրեթե բոլոր շինարարությունները սառեցված են, սովորաբար գարնանը Ռուսաստան մեկնող «խոպանչիների» մի մասը նույնպես մնալու է Հայաստանում եւ համալրելու է գործազուրկների բանակը... Իհարկե` Զիմբաբվեի օրը չենք ընկնի, բայց իրավիճակը կլինի մոտավորապես այնպիսին, ինչպիսին 1993-94 թվականներին էր»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Վաղը լրանում է մարտիմեկյան խռովության մեկ տարին: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող հետընտրական առճակատումը ծանրագույն փորձություն էր պետության, առաջին հերթին` իշխանության համար: Պակասը լրացրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որ լուրջ խնդիրներ ստեղծեց կառավարության հռչակած ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի իրականացման, տնտեսության աշխուժացման եւ աղքատության կրճատման առումով: Այսքանով հանդերձ, իշխանություններին հաջողվեց զսպել վերահաս ճգնաժամի սպասումներով պայմանավորված խուճապային տրամադրությունները եւ խուսափել ֆինանսական շուկայի անվերահսկելի վայրիվերումներից: Համաշխարհային բանկից եւ Ռուսաստանի Դաշնության հակաճգնաժամային հիմնադրամից ակնկալվող վարկերը արդյունավետ օգտագործելու դեպքում կառավարությունը, դատելով ամեն ինչից, ի վիճակի կլինի չեզոքացնել տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները»:

«Կապիտալ»-ը ներկայացնում է իր տեսակետները վաղվա հանրահավաքի վերաբերյալ. - «Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին անցկացվելիք հանրահավաքը ներկայացնում է որպես մեկ տարի առաջ զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին մատուցվող հարգանքի տուրք: Այդ արարողությանը մասնակցելու համար, սակայն, զանգվածային քարոզչության կարիք չկա: Իսկ Հայ ազգային կոնգրեսը հենց դրանով էլ զբաղված էր անցած շաբաթների ընթացքում: Առաջիկա հանրահավաքը դուրս է ոգեկոչման արարողության սահմաններից եւ ունի կոնկրետ նպատակ` ապահովել մեծ թվով մասնակիցների ներկայություն: Սակայն մարտիմեկյան հանրահավաքի հետ կապված երկու հիմնական հանգամանք է մտահոգում. մի կողմից` ընդդիմությունը ի՞նչ նոր բան է ասելու հավաքվածներին, ինչո՞վ է փորձելու վերադարձնել իր համախոհների վճռականությունը, մյուս կողմից` արդյո՞ք բախումներ կլինեն հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանական ուժերի միջեւ, արդյո՞ք ընդդիմությունը կվերսկսի պերմանենտ հանրահավաքների շարքը»:

Մարտի 1-ի հանրահավաքի վերաբերյալ «Ժամանակ» օրաթերթին հարցազրույց է տվել Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Նա ասում է. - «Մարտի 1-ին արձանագրելու ենք, որ այսօր էլ` մեկ տարի անց, այդպես էլ որեւէ քայլ չի արվել ներքաղաքական լարվածությունը մեղմելու եւ «Մարտի 1-ի» իրական պատասխանատուներին պատժելու համար: «Մարտի 1-ի» բացասական հետեւանքները չեն վերացվել: Եթե հասարակությունը համակերպվեր այս իրավիճակի հետ, բնականաբար, ընդդիմության գործունեությունը անիմաստ կդառնար, սակայն մեր հասարակությունը փոփոխություններ է պահանջում: Շատ լավ գիտեք, որ հանրահավաքային դադարը միանշանակ չընկալվեց. ընդդիմությունից պահանջում են ավելի ակտիվ գործողություններ: Սակայն, հաշվի առնելով թե’ արտաքին մարտահրավերները, թե’ ներքին խնդիրները, ընդդիմությունը ամեն ինչ անելու է, որ հասնի փոփոխությունների` առանց մեծ ցնցումների»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG