Այսօր էլ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը, փորձ է արվում տարբեր մեթոդներով վախեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ չմասնակցեն մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, սակայն նրա խոսքով` «իշխանությունները ժողովրդական ալիքի դեմն առնելու որեւէ ռեսուրս չունեն»:
«Այդ հանրահավաքի հեղինակը ժողովուրդն է: Ինքն է կազմակերպում այդ հանրահավաքը», - փաստարկեց նա: - «Ու եթե իրենք փորձում են, որ ընդդիմադիր լիդերներին կամ ակտիվիստներին բաժիններ տանելով, մատնահետքերով խնդիր են լուծելու, չարաչար սխալվում են: Այդ դեպքում իրենք ստիպված են ամբողջ հայ ժողովրդի մատնահետքերը վերցնել»:
«Համոզված եմ, որ այդ հանրահավաքը տեղի կունենա, տեղի կունենա օրենքների, Սահմանադրության հարգմամբ», - ասաց նա:
Բախումների հավանականությանը վերաբերող հարցին ընդդիմադիր գործիչը արձագանքեց. - «Կարծում եմ, որ իշխանությունները չեն անցնի խենթության կանխավարկածի: Բայց եթե կանցնեն` այդ դեպքում իրենք կարժանան այս ժողովրդի նզովքին, անեծքին»:
Արամ Սարգսյանի համոզմամբ, իշխանությունների վախի վկայություններից մեկն էլ երեկ «Հանրապետություն» կուսակցության Ավանի շտաբում տեղի ունեցածն է. - «Ապօրինաբար իմ մեքենան նորից վերցրել քաղբանտարկյալ են սարքել, տարել են իրենց մոտ: Այսօր էլ հրաժարվում են այդ մեքենան տալ, մեկը մյուսի վրա է գցում` ակհայտն ցույց տալով, որ դա հրահանգ է, եւ այդ հրահանգը վերեւներից է [գալիս]: Եվ դա հակառակ էֆեկտն է տալիս հասարակության մոտ հանրահավաքին մասնակցելու առումով: Իրենք իրենց կոպիտ քայլերով ավելի ակտիվացնում են հանրահավաքը»:
Երեկ ոստիկանություն էր հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության Ավան համայնքի տարածքային կազմակերպության նախագահ Լյովա Եղիազարյանը: Ոստիկանները մտել էին գրասենյակ այն պահին, երբ ընթանում էր խորհրդակցություն մարտի 1-ի հանրահավաքին առնչվող հարցերով` ասելով, թե «ահազանգ կա, որ այստեղ կռիվ է եղել, միջադեպ է եղել»:
Հարցին, թե արդո՞ք իրական է համարում իշխանափոխությունը Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Միանշանակ: Հակառակ դեպքում ես գործընթացների չէի մասնակցի: Ես միանշանակ տեսնում եմ այս երկրի փրկությունը իշխանափոխության մեջ եւ բացարձակ ռեալ եմ համարում այսօրվա պայմաններում դա»:
Ռուզաննա Ստեփանյան