Մատչելիության հղումներ

«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում


Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է մեղմել ներմուծվող որոշ ապրանքատեսակների` ծխախոտի, սպիրտային խմիչքների ակցիզային հարկերը: Ընդամենը երկու ամիս առաջ` դեկտեմբերի 26-ին օրենքում փոփոխություններ էին կատարվել եւ հիշյալ ապրանքատեսակների հարկերը բարձրացվել էին: Այժմ, փաստորեն, դեկտեմբերյան փոփոխությունները հիմնականում չեղյալ են հայտարարվում:

«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այս օրինագիծը, որը մենք ընդունեցինք նոր տարուց առաջ, ստորագրել է: Ազգային ժողովի մեծամասնությո’ւն, ձեր կողմից պաշտպանված նախագահի թեկնածուին տհաճ իրավիճակի մեջ չե՞ք դնում: Ուզում եք ասել, որ հանրապետության նախագահը չի՞ տիրապետում տնտեսական իրավիճակին, չի՞ հասկանում, թե ինչպիսի տնտեսական իրավիճակ կարող է առաջանալ, չի՞ հասկանում, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ իր կողմից ստորագրվող փաստաթղթերի արդյունքում», - հարց բարձրացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտահերթ ելույթով հակադարձեց Արմեն Մարտիրոսյանին` հայտարարելով. - «Ես չեմ ընդունում որ այս բարձր ամբիոնից, որոշ մարդիկ թույլ են տալիս հանրապետության նախագահին ասել` չի հասկանում: Իրե’նք չեն հասկանում երեւի շատ բան»:

Ազգային ժողովի խոսնակը ասաց, որ «որոշ մարդկանց» զգուշացնում է` «իրենց չափը, իրենց կոռեկտությունը հարմար սահմանի վրա պահեն եւ չափը չանցնեն»:

Հունվարի 15-ին Սերժ Սարգսյանն իր ստորագրությամբ վավերացրել էր դեկտեմբերի 26-ին կատարված փոփոխությունները եւ նախատեսվում էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG