Հիմնադրամը, որը ստեղծվել է 2007 թվականին «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո, հայց է ներկայացրել Ստամբուլի վարչական դատարան` պահանջելով, որպեսզի Ստամբուլի նահանգային կրթական տնօրինությունը դադարեցնի ֆիլմի տարածումը նահանգում:
Շեշտելով, որ «փաստագրական» ֆիլմի ցուցադրումը վնաս կհասցնի դպրոցականների հոգեբանությանը, «Հրանտ Դինք» հիմնադրամը փորձագետների տեսակետներն է ներկայացրել տվյալ հարցի շուրջ:
«Այստեղ կարեւորն այն է, որ ցուցադրվող բռնությունը եւ դաժանությունը կարող են կապվել հայերի հետ: Ամբողջ կինոնկարում «հայ» բառը օգտագործվում է հազարավոր անգամներ եւ միմիայն` դրան տրվող բացասական նշանակությամբ», - «Զաման» թերթի վկայությամբ` ասված է հայցադիմումում:
Թուրքիայի հայկական կազմակերպությունները եւ իրավապաշտպանները շաբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ` քննադատելով Թուրքիայի կրթության նախարարությանը դպրոցներում այդ ֆիլմը տարածելու համար: «Սա քարոզչական ֆիլմ է: Այն ոչ միայն կանխակալ է եւ թշնամական, այլեւ սադրիչ եւ ակնհայտորեն ռասիստական: Սա օբյեկտիվ ֆիլմ չէ: Այն ստեղծվել է մարդկանց հոգին թունավորելու, թուրքերին եւ հայերին թշնամացնելու նպատակով», - ասված էր, մասնավորապես, հայտարարությունում:
Անցած շաբաթ Թուրքիայի կրթության նախարարությունը վստահեցրել էր, թե ֆիլմի օրինակներն ուղարկվել են դպրոցներ` ուսուցիչների կողմից որպես լրացուցիչ նյութ դիտելու համար, եւ այն աշակերտների համար նախատեսված չէ: