Մատչելիության հղումներ

Լիդա Նանյան. «Ինչո՞ւ են ադպիսի քննարկման առարկա դարձրել թիվ 19 դպրոցի տնօրենի պաշտոնը»


Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի փետրվարի 10-ին կայացրած որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Գյումրիի թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանի եւ խորհրդի եւս երեք անդամների լիազորությունները: Այս առիթով Ռուզաննա Մովսիսյանի ներկայացրած բողոքն ուսումնասիրելու նպատակով այսօր դպրոց այցելած Կրթության եւ գիտության նախարարության մասնագետները հայտարարեցին, որ Շիրակի մարզպետի որոշումը հակասում է գործող կարգին:

Նախարարության ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ երբ դպրոցում հայտարարվում է տնօրենի մրցույթ, արգելվում է լուծարել դպրոցի կառավարման խորհուրդը:

Այս պահին մրցույթ է հայտարարված թիվ 19 դպրոցի տնօրենի տեղի համար: Փետրվարին տնօրենի ընտրություններ անցկացնելու փորձերը երկու անգամ ձախողվել են, քանի որ դպրոցի կառավարման խորհրդում նշանակված մարզպետարանի եւ համայնքի ներկայացուցիչները ընտրությունների օրը չեն ներկայացել:

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցումը Շիրակի մարզպետը պատճառաբանել է այն հանգամանքով, որ նրանք ընտրվել են սահմանված կարգի խախտմամբ: Այդուհանդերձ, Ռուզաննա Մովսիսյանը գտնում է, որ իր լիազորությունների դադարեցման հարցը կապված է դպրոցի տնօրենի ընտրությունների հետ եւ բարձրացվել է այն բանից հետո, երբ դպրոցի կառավարման խորհրդի անդամները բոյկոտել են դպրոցի տնօրենի ընտրությունը:

«Այն մասին, որ իբր խորհուրդը անօրինական է գործել, որ իմ ընտրությունը եղել է անօրինական, մարզպետարանի ներկայացուցիչը հայտնում է ընտրությունից ընդամենը մեկ րոպե առաջ: Միամտություն պիտի լինի ենթադրելը, թե զուգադիպություն է: Իհարկե այստեղ միտում կա: Միտումն այն է, որ խորհուրդը ցրվի եւ նոր կազմով համախմբվի», - մեկնաբանեց Ռուզաննա Մովսիսյանը:

Ըստ շրջանառվող լուրերի, խորհրդի կազմը ցրելու եւ նորը ձեւավորելու նպատակը այն է, որ թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը, ով համարվում է Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի կադրը, չվերընտրվի տնօրենի պաշտոնում:

Իր հերթին Լիդա Նանյանը, մեկնաբանելով այս լուրերը, նշեց. - «Ես ընդհանրապես չեմ ճանաչում այդ դպրոցի ոչ մի ուսուցչի եւ նախընտրած [թեկնածու] ընդհանրապես չունեմ: Ես չեմ հասկանում ինչո՞ւ են այդպես մեծ քննարկման առարկա դարձրել այդ տնօրենի պաշտոնի լինելը: Պարտադիր այդ տնօրե՞նը պետք է այդտեղ աշխատի: Իրենց ժառանգական ի՞նչն է դա»:

Շիրակի մարզպետը նաեւ հերքեց լուրերը, թե ստեղծված իրավիճակը իր եւ Հայ հեղափոխական դաշնակցության միջեւ եղած վատ հարաբերությունների արդյունք է` ասելով. - «Տիկին Նանյանը դաշնակների հետ շատ ունի, որովհետեւ մեր կոալիցիան է»:

Գյումրիի թիվ 19-ը դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանը մարզպետի որոշումը նաեւ բողոքարկել էր Վարչական դատարանում:

Այսօր ստացվել է դատարանի որոշումը` գործը վարույթ ընդունելու վերաբերյալ, որի հետ կապված` դատարանը միջնորդություն է ներկայացրել` «արգելել Շիրակի մարզպետի 10.02.09 թվականի թիվ 29 կարգադրության կատարումը` հայցվոր Ռուզաննա Մովսիսյանի մասով» մինչեւ գործի վերաբերյալ վերջնական դատական ակտի կատարումը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG