Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Ճգնաժամը այն ժամանակահատվածն է, երբ բոլորս հիշում ենք հայրենիքի մասին»


«Ճգնաժամը այն ժամանակահատվածն է, երբ բոլորս հիշում ենք հայրենիքի մասին», - հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Կամուրջ - 2009» միջազգային տնտեսական համաժողովի այսօրվա լիագումար նիստում:

«Հայկական Դավոս» անվանումը ստացած համաժողովում իր ելույթում Տիգրան Սարգսյանը չթաքցրեց, որ կրճատվել է արտահանումը, մեծ մասամբ սառեցվել է մասնավոր շինարարությունը, ավելացել է գործազրկությունը եւ վատացել քաղաքացիների սոցիալական վիճակը:

«Գաղտնիք չէ, որ մեր տնտեսական համակարգի յուրահատկություններից մեկը այն է, որ մեծ կշիռ ունի մասնավոր տրանսֆերտների ծավալը, եւ մեր գնահատականներով` մասնավոր տրանսֆերտների ծավալների աճի տեմպը կնվազի, եւ, բնականաբար, այդ ֆոնի վրա ավելի է վատթարանում քրեածին իրավիճակը եւ բարձրանում են կոռուպցիոն ռիսկերը», - ընդգծեց վարչապետը:

Ներքին դրական գործոնների թվում Տիգրան Սարգսյանը նշեց Հայաստանի բանկային համակարգը, որը, նրա հավաստմամբ, պահպանում է իր կայունությունը: Ըստ վարչապետի, բանկային համակարգին այս տարի կհատկացվեն լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, եւ համակարգը կօգտագործվի որպես գործիք` համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու համար:

«Ի՞նչ կտա համաժողովը Հայաստանին», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին վարչապետը պատասխանեց. - «Մենք փորձում ենք բացահայտել այն հարաբերական առավելությունները, որոնք մենք այսօր ունենք` ինչով կարող է Հայաստանը լինել գրավչական, որպեսզի նրանք իրենց ներդրումները բերեն Հայաստան, իրենց բիզնեսները տեղափոխեն Հայաստան: Եվ ընդհանուր առմամբ` համաշխարհային ճգնաժամը ժամանակ է, որպեսզի մարդիկ հիշեն իրենց հայրենիքի մասին եւ վերադառնան հայրենիք»:

Ազգային վիճակագրական ծառայության արձանագրած տնտեսական անկման վերաբերյալ Տիգրան Սարգսյանն ասաց. - «Համաշխարհային ճգնաժամը իր բացասական ազդեցությունը չի կարող չթողնել աշխարհի ցանկացած երկրի վրա, ցանկացած տնտեսության վրա: Ցանկացած խուլ գյուղ զգում է իր վրա համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը: Ամեն ինչ կախված է նրանից, թե երկրները ինչքանով օպերատիվ կկարողանան վերակազմակերպվել, այնպիսի միջոցառումներ մշակել, որոնք հնարավորություն կտան մեղմել բացասական հետեւանքները այդ ճգնաժամի»:

Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը համաձայնություն են ձեռք բերել 525 միլիոն դոլարի շուրջ. - «Դրանք ծրագրեր են, որոնք ուղղված են լինելու ենթակառուցվածքների ձեւավորմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, այսինքն` Համաշխարհային բանկի հետ մեր ծրագրերը բոլոր ոլորտների հետ առնչություն ունեն, եւ կարծում ենք, որ այդ ծրագրերի արագ, էֆեկտիվ իրականացումը կմեղմի համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեզ վրա»:

Երկրորդ ուղղությունը, ըստ Տիգրան Սարգսյանի, Ասիական բանկն է. - «Ասիական բանկի հետ էլ բավականին արդյունավետ համագործակցությունը գնում է, էական նշանակություն ունի ճանապարհային շինարարությունը, Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի շինարարությունը մենք հույս ունենք, որ այս տարի կսկսենք»:

Ինչ վերաբերում է, վարչապետի խոսքով` մոտակա ամիսներին ձեւավորվելիք Համահայկական բանկին, ապա, ինչպես հայտնեց Տիգրան Սարգսյանը, «Համահայկական բանկը 20 միլիարդ դրամով (շուրջ 65,5 միլիոն դոլար) պետք է իր կապիտալը համալրվի, այս տարվա բյուջեն հաստատելիս այդ միջոցները արդեն ներառված են բյուջեում` այդ գումարները կտրամադրվեն, ինչպես նաեւ Համահայկական բանկը կարող է ներգրավել միջոցներ տարբեր աղբյուրներից, այդ թվում նաեւ` մասնավոր հատվածից»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG