Թեեւ նախորդ տարվա օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, թե բոյկոտելու է Մոսկվայում անցկացվելիք մրցույթը, այդուամենայնիվ, մոտ մեկ ամիս առաջ փոխեց մտադրությունը եւ հավակնորդների մրցույթ հայտարարեց: Հեռուստադիտողների եւ հատուկ ժյուրիի քվեարկության արդյունքում ընտրվեց «Ստեֆան եւ 3G» խմբի երգը` դիսկո ռիթմերով ու քաղաքական ենթատեքստով:
Երգի հեղինակները վստահ են, որ երգը կհասնի մինչեւ մոսկովյան «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիր, թեեւ «Եվրատեսիլ»-ի կանոնները արգելում են քաղաքական ենթատեքստ ունեցող ու վիրավորական արտահայտություններ պարունակող կատարումները:
«Եթե դուք ուշադրությամբ զննեք երգի տեքստը, որեւէ սխալ բան չեք գտնի, սա երգ է ուրախ տրամադրության մասին եւ որեւէ ընդհանուր բան չունի քաղաքականության կամ քաղաքական գործիչների հետ», - «Ռոյթերզ» գործակալությանը ասել է Վրաստանի հանրային հեռուստատեսության միջազգային ծրագրերի տնօրեն Ռատիա Ուզնաձեն:
Պրոդյուսերներն ու երգի կատարողները, սակայն, հակառակն են պնդում. - «Քանի որ Վրաստանը որոշել է մասնակցել այդ մրցույթին, մենք պետք է հստակ ուղերձ հղենք Եվրոպային, եւ ամենից առաջ` Մոսկվային», - ասում է պրոդյուսերը` Կախա Ցիցկարիձեն եւ ընդգծում. - «Կարծում եմ, յուրաքանչյուր ոք կհասկանա` ինչ ենք մենք ուզում ասել: Մեզ համար շատ կարեւոր է փոխանցել Վրաստան երկրի տեսակետը»:
«Կարծում եմ, այս երգը առանձնահատուկ ընդունելության կարժանանա», - հայտարարել է երգը ընտրող ժյուրիի նախագահը` բրիտանացի պրոդյուսեր Սթիվեն Բադն ու հավելել. - «Սա ոչ միայն հաճելի երգ է, այլեւ որոշակի քաղաքական ուղերձ է պարունակում»:
Հեղինե Բունիաթյան, Պրահա